Ոստիկանների կողմից երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Քեսաբի 6 հասցեում երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքի առնչությամբ Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Այս մասին ՀԺ-ին փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երեւում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով բերման ենթարկում մի քաղաքացու: Տեսանյութում երեւում են նաեւ բերման ենթարկվող քաղաքացու երեք մանկահասակ երեխաները, որոնք ահաբեկված լաց են լինում՝ տեսնելով՝ ինչպես են իրավապահները գետնին տապալել իրենց հայրիկին ու քաշքշում: Ավելի ուշ պարզվեց, որ կատարվածի մասնակիցներն են Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները, որոնք գնացել էին Քեսաբի 6 հասցե՝ ինքնակամ կառույցի ապամոնտաժման համար: