Իրանը հաստատում է Հայաստանի տարածք օտար ներխուժման հավանականությունը

Lragir.am- ը գրում է.  ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Իրանի ԱԳ նախարար Աբդուլլահիանը մեկնել է Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցություններ վարելու։ «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Աբդուլլահիանը: Նա ակնկալում է նաեւ, որ «Ռուսաստանը նույնպես զգայուն կլինի ահաբեկիչների առկայության եւ տարածաշրջանում սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների նկատմամբ»։

Իրանը այսպիսով վերահաստատում է Հայաստանի հարավի օկուպացիայի հավանականությունը, ինչն ավելի վաղ չէր բացառել Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին։

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ՀՀ սահմանների վերաձեւման եւ շրջանում ահաբեկիչների ու «սիոնիաստական ռեժիմի» ներկայության վերաբերյալ կոշտ հայտարարություններից հետո Իրանի ԱԳ նախարարը բանակցություն է վարելու Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու ծրագրի գլխավոր նախաձեռնողի ու շահառուի՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ։

Իրանի դեմ դեմարշը Բաքուն իրականացնում է Մոսկվայի առաջնորդությամբ, եւ դա Իրանում լավ գիտեն։ Բաքուն ՌԴ ռազմավարության մեջ հսկում է հայկական եւ իրանական ուղղությունները։ Բաքվի օկուպացրած շրջաններում ահաբեկիչների ու «սիոնիաստական ռեժիմի» ներկայությունը, որն անհանգստացնում է Իրանին, նույնպես համաձայնեցված է Ռուսաստանի հետ։ Արցախյան 2020 թ․ պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների, ինչպես նաեւ «սիոնիաստական ռեժիմի» ներկայության հարցում Կրեմլի ունեցած դերակատարությանը բազմիցս անդրադարձել ենք: Զուր չէ, որ Իրանի ԱԳ նախարարը լավրովի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաեւ Աֆղանստանի իրավիճակը։

Ավելացնենք միայն, որ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ-ն զլմներով ձեւական աղմուկ բարձրացնելուց հետո հայտարարեց, որ ահաբեկիչներն այլեւս վտանգ չեն ներկայացնում, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Լավրովը Իրանին հավաստիացնում էր, որ Հայաստանի հարավում «կոմունիկացիաների ապաշրջափակումը» չի հարվածի Իրանի տրանզիտային ու տնտեսական շահերին։

Երեւում է՝ չեն կարողացել համոզել երկու հարցում էլ, եւ չէին կարող համոզել։ Սոչիում Պուտին-Էրդողան համաձայնությունները Իրանի մոտ կասկածներ չեն թողել։ Նոյեմբերի 9-ը ոչ միայն Հայաստանի, այլեւ ըստ էության Իրանի մեկուսացման ու մասնատման հեռանկարի մասին է։ Երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը երբեք չի ներքաշվի Իրանի դեմ դավադրությանը, երեւում է չի պատկերացնում ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարության խորքն ու մասշտաբը, որի անվերապահ կատարմանը իրենց հավատարմությունն են հայտնել ՀՀ իշխող խումբն ու խորհրդարան անցած ուժերը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.