Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը, Ժամը 21:40-ի սահմաններում Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Կարեն Մ.-ի վարած Volkswagen մակնիշի և Արարատի մարզի բնակիչ Անի Հ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Անի Հ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 1-ամյա Յուրա Պ.-ն, 49-ամյա Արմեն Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 47-ամյա Աննա Վ.-ն՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: