44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի հանրապետության 742 զինծառայող, Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինծառայող մինչ օրս համարվում է անհետ կորած։ Սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը թիրախային հարվածերի հետևանքով։ Գերեվարման մեջ է 38 անձ։ Այս մասին Ազգային ժողովում այսօրվա քննակման ժամանակ ասաց Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի հետևանքով կա 42 հազար տեղահանված, որոնցից 38 154 քաղաքացի զրկվել է բնակավայրից ու անշարժ գույքից։ Տեղահանվածներից 15 հազարը Ստեփանակերտում են գտնվում, 5000-ը՝ Արցախի մյուս շրջաններում։
«Նախատեսվում է մինչև տարեվերջ Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան՝ տեղահանվածներին տեղավորելու նպատակով; Նաև շրջաններում չբնակեցված տներն են ներառվելու այս ծրագրում»,- նշեց նա։
Արցախի մշտական ներկայացուցչի խոսքով՝ պատերազմի հետևանքով հակառակորդին է անցել Արցախի Հանրապետության 192 բնակավայր, որոնցից 185 գյուղ, 7 քաղաք։ Արցախի Հանրապետությունում այս պահին կա բնակֆոնդի ավելացման սուր խնդիր։ Պատերազմի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև Արցախի ենթակառուցվածքները, մասնավորապես, 36 գործող ՀԷԿ-երից մնացել են ընդամենը 6-ը։ Լուրջ խնդիրներ կան հեռահաղորդակցության ոլորտում։ Լրջորեն տուժել են 1226 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գործունեություն էին իրականացնում Արդբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Վտանգված է Ադրբեջանի ենթակայության տակ անցած ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձանի ճակատագիրը։