Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան Գեղարքունիքի սահմանային շփման գծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։ ՊՆ–ը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում: Հայկական կողմից կար երեք զոհ, չորս վիրավոր։

Սեպտեմբերի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ ադրբեջանական զինծառայողները սեպտեմբերի 26-ից սկսած սադրիչ գործողություններ են իրականացնում, մասնավորապես` հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ՝ հայկական բնակավայրերի խոտհարքների ու արոտավայրերի ուղղությամբ։
Թաթոյանը շարունակում է պնդել, որ պետք է ստեղծել անվտանգության գոտի, որ կարող է ապահովել սահմանային բնակիչների իրավունքները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.