«Հաղթանակը» Ալիեւին տարավ դեպի Հաագա. Պուտինի հետ «օրթաղ»

Lragir.am-ը գրում է. Բաքվի հանցախմբի կառավարիչ Ալիեւի՝ «հաղթանակի ու հաղթող պետության» վերաբերյալ չդադարող հռետորաբանությունն ուղեկցվում է Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմի որոշ հանգամանքների բացահայտմամբ։ Դա «ինքնաբո՞ւխ» է ստացվում, անորոշությունի՞ց է, թե մտածված՝ տվյալ պարագայում հետաքրքիր չէ

Ալիեւը խոստովանել է, որ պատերազմն ինքն է սկսել։ Էական էր նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ նրա մեկ այլ հայտարարություն․ Քարվաճառում նա փաստացի խոստովանել էր, որ բանակն ուժասպառ էր և ի վիճակի չէր գրավել Քարվաճառի ու Բերձորի շրջանները, եւ «դրանք ազատագրել են առանց կրակոցի»։ Ռուս փորձագետների գնահատմամբ, այդ ժամանակ Բաքուն արդեն տվել էր 20-25 հազար զոհ, եւ պատերազմի շարունակվելու դեպքում ելքը կարող էր անկանխատեսելի լինել։ Ալիեւին եւ այս թվերին, մասնավորապես, հակասում է կավեէնական Արմեն Գրիգորյանի ալիքը հեղեղած ռուսանպաստ «փորձագետների» լուտանքները հայ զինվորին՝ իբրեւ կատարյալ դեբիլի:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի թղթի ստորագրմանը, Ալիեւն ասել էր, որ Պուտինը խնդրել է իրեն չստորացնել Փաշինյանին, եւ իրեն հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը՝ իրականում լաթի կտորը։

Թերեւս այս հանգամանքի հետ է կապված պատերազմը երկու անգամ կանգնեցնելու հնարավորության ու չկանգնելու մասին նրա հայտարարությունը։ Այս հեքիաթը, որը իրականում շրջանառության մեջ դրեց ինքը Պուտինը, պարբերաբար դառնում է քարոզչական թեմա, նպատակն էլ բավական թափանցիկ է։

Ըստ էության, բավական թափանցիկ են նաեւ ՌԴ խաղաղապահների մուտքի պայմանների վերաբերյալ համաձայնությունները՝ Արցախի կարգավիճակի վերացման եւ Շուշիի ու Հադրութի դիմաց։ Հայկական կանխորոշված պարտության վերաբերյալ այս ուղիղ եւ անուղղակի խոստովանությունները լրացվում են հետախուզական տվյալների տիրապետման եւ հայ զինվորականների իբր «անկազմակերպվածության» վերաբերյալ Ալիեւի հայտարարություններով։

Պետք է կարծել, որ Ալիեւը կհասնի նաեւ գլխավորին՝ ինչ էին պայմանավորվել Պուտինի հետ գաղտնի հանդիպմանը 2020 թ․ սեպտեմբերի 27-ի նախօրեին։ Այս ֆոնին, հարց է առաջանում՝ ՀՀ իշխանությունը մասնակի՞ց է այս ամենին, պայմանավորվածության կո՞ղմ է հանդիսանում, թե կանգնեցվել է փաստի առաջ։ ՀՀ վարչապետի՝ այս կամ այն առիթով ակնարկները պատերազմի որոշ հանգամանքների վերաբերյալ, պարզվեց, զուտ ինքնապաշտպանական, սեփական կաշին փրկելու նպատակ ունեին եւ, բնականաբար, շարունակություն չստացան։ Փոխարենը ունենք ՄԱԿ ԳԱ նստաշրջանի խայտառակ ելույթը, որ արժանացավ Հայաստան ռուսանպաստ խմբակցության ծափահարություններին:

2020-ի տարօրինակ պատերազմը եւ դրա որոշ հանգամանքներ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռանկյունում Հայաստանին պարտադրվող «խաղաղ դարաշրջանի» համատեքստում սպասում են գնահատականների։ Պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության հեռանկարը դրա նախաձեռնողներին դնում է բավական երկիմաստ դրության մեջ, ստիպելով «կանխարգելման ռեժիմով» բացել որոշ հանգամանքներ։ Եւ որքան իրական դառնա այդ հեռանկարը, այնքան ավելի լուրջ բացահայտումներ են լինելու։ Առավել եւս, որ հիմա բոլորի համար պարզ են ռուս-թուրքական համաձայնությունների նպատակները։

Հայերիս մնում է բռունցքել կամքը ու պատրաստ լինել շրջադարձային զարգացումների, իբրեւ գործուն մասնակից, անշուշտ: Մարդիկ պատրաստվում են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.