Սամվել Կարապետյանին թերևս պետք է հուշել. Հայաստանի դե՞մ, թե՞ Հայաստանի համար

«Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայ-ռուսական կառավարական մակարդակով կազմակերպված բիզնես ֆորումի ժամանակ, որի բացմանը ելույթ է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ելույթում խոսել է Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին՝ ներդրումային գրավչության համար: Եվ, թերևս իր խոսքի գրավչության համար էլ Սամվել Կարապետյանը հայտարարել է Հայաստանում ավելի քան 750 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերի մասին: Ընդ որում, պետք է նկատել, որ դրանք ուղղված են կարևոր խնդիրների, Հայաստանի զարգացման համար հանրության, երիտասարդության ներուժի խթանմանը: Դրանք կարևոր և անհրաժեշտ ծրագրեր են: Բայց, եթե այդ ծրագրերի գինը Հայաստանին քաղաքական պայմաններ թելադրելն է, որ արվում է Ռուսաստանի քաղաքական իշխանության մակարդակով, պարզապես օգտագործելով ռուսահայ կապիտալը, ապա այստեղ կա առնվազն մտորելու լրջագույն առիթ, եթե չասենք՝ այդպիսի ներդրումներին ընդդիմանալու: Հետևաբար, Սամվել Կարապետյանն իր ներդրումային կարևոր մտադրությունները ներկայացնելով հանրությանը, թերևս ազնվորեն պետք է այդ հանրությանն ասի նաև՝ ռուսերենի կարգավիճակը այդ ներդրումների համար պայմա՞ն է, թե՞ ոչ:

Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Ռուսաստանյան տարբեր խմբեր, ընդհուպ պաշտոնական շրջանակը ներկայացնող դիվանագետներ խոսել են ռուսերենի հատուկ կարգավիճակի մասին: Կար Ռոսսոտրուդնիչեստվոյի մի ղեկավար՝ Կրիվոպուսկով ազգանունով, որն ի դեպ 90-ականների սկզբին Արցախում անձնագրային ռեժիմ իրականացնող խորհրդային ՕՄՕՆ-ի հրամանատարներից և հայությանը հալածողներից էր եղել, որը հայտարարում էր, թե ռուսերենը Հայաստանի անվտանգության լեզուն է: Իրականում, այդ հավակնություններով, տարաբնույթ փորձագետներն ու դիվանագետները ոչ թե նպաստեցին հայ-ռուսական հարաբերությանը, այլ Հայաստանի հանրությանը տրամադրեցին դրա դեմ: Թեև, պետք է նկատել, որ այստեղ կարող էր լինել միանգամայն նպատակային միտում:

Պետք էր Հայաստանում որևէ կերպ խթանել հակառուսական տրամադրություն, բայց դա անել այսպես ասած հակառակ ծայրից: Այսինքն, ոչ թե Հայաստանի հանդեպ վառ հռետորաբանությամբ, այլ Հայաստանը չափազանց պինդ գրկելու և սեղմելու տրամաբանության, այսինքն իբրև թե հայ-ռուսական առավելագույն ինտեգրացիայի մղումով: Որպեսզի դրա դեմ ներկայացողները գնահատվեին ոչ թե Հայաստանի դեմ Ռուսաստանի քաղաքականության համարժեք գնահատական տվողներ, այլ հենց՝ հակառուսականներ: Իսկ դա էլ արվում էր այն բանի համար, որ Հայաստանի «հակառուսականության» վրա մնա Հայաստանի թշնամի Ադրբեջանի ու դրա հովանավոր Թուրքիայի հետ պայմանավորվածությունների ռուսական քաղաքականության պատասխանատվությունը:

Հատկանշական է, որ դրանից հետո եկավ նաև այդ փուլը, երբ հայաստանյան քաղաքական, փորձագիտական, տեղեկատվական շրջանակներ, իրենց ռուսաստանյան «գլխադասային» շրջանակների հետ մեկտեղ սկսեցին խոսել այն մասին, ընդ որում դեռևս թավշյա հեղափոխությունից տարիներ առաջ էլ՝ ոչ միայն հեղափոխությունից հետո, թե Հայաստանում հակառուսականություն է սրվում և դրա հետևանքով կարող է վնասվել հայ-ռուսական հարաբերությունն ու Ռուսաստանը կարող է լավ չպաշտպանել Հայաստանը: Իրականում, հենց Ռուսաստանից էլ խթանվում էր այդ «հակառուսականությունը», վերը նկարագրված խնդիրները լուծելու համար: Հիմա Սամվել Կարապետյանը վերստին բերում է մի օրակարգ, որը Հայաստանում առաջացնում է հանրային ընդվզում: Հետևաբար հարց է առաջանում՝ Կարապետյանը դա անում է լավագույն մղումներով, սակայն չպատկերացնելով ու չգիտակցելո՞վ դրա վտանգավոր և բացարձակ անօգտակար, համենայն դեպս Հայաստանի համար անօգտակար շրջանառումը, թե՞ անում է գիտակցված ու պարտադրված, լինելով ոչ թե ազգային կապիտալի ներկայացուցիչ, այլ այդ կարգավիճակում ռուսական քաղաքականության «գործակալ»: Եթե Կարապետյանը չի պատկերացնում իր հրապարակ բերած գործոնի քաղաքական, մեղմ ասած անօգտակարությունն ու անտեղիությունը, ապա գուցե պետք է գտնվեն նրա համար վստահելի մարդիկ, որոնք գործարարին և բարերարին կբացատրեն, որ պետք չէ Հայաստանում կարևոր, անհրաժեշտ ու գնահատելի ներդրումային պատրաստակամությունը «ստվերել» քաղաքական անշրջահայացությամբ: Եվ առավել ևս պետք չէ ներդրումները կիրառել, որպես Հայաստանի հանդեպ քաղաքական պարտադրանքի գործիք: Հասկանալի է, որ կան իսկապես բավականին նուրբ հանգամանքներ, կապված Ռուսաստանի բնույթի, հետևաբար նաև այդ երկրում գործող հայկական խոշոր կապիտալի գործունեության շերտերի հետ: Բայց, հայկական խոշոր կապիտալը պետք է ունենա առաջինն ինքն այդ նուրբ շերտերը քաղաքական ինտելեկտով և ազգային արժանապատվությամբ հավասարակշռելու կարողություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am