Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը:
Թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
Նշվում է, որ առաջիկայում կտեղեկացվի հոգեհանգստի և հուղարկավորության մասին։
Ժենյա Ավետիսյանը 80 տարեկան էր:
Նա հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի հայ դերասանուհի էր, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստ:
Ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1964 թվականից հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում:
Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982), «Ճերմակ անուրջներ» (1985), Ժայռը (1973), Մարդն «Օլիմպոսից» (1974) և այլն։