Գիտավանի 4 բնակիչ ճանապարհը փակելու համար ոստիկանություն են բերվել

Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող և ճանապարհը փակած Ալիխանյան եղբայրներ փ., 6/1 հասցեում (գիտավան՝ «ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող բնակիչներից 4-ը բերվել են ոստիկանություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել 4 քաղաքացի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Գիտավանի բնակիչները սեպտեմբերի 14-ին փակել էին Երևանի քաղաքապետարանի դիմացի փողոցը՝ պահանջելով ներկայացնել այդ տարածքում շինթույլտվության իրավաչափությունը, ինչպես նաև, որպեսզի գոնե ժամանակավոր դադարեցվի շինարարությունը, որպեսզի ծառերը հնարավոր լինի փրկել, լուծում գտնվի։

«Ֆիզգորոդոկում» 12-հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչներ օգոստոսի 23-ին ևս ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի առջև և պնդել, որ շենքի կառուցումն ապօրինի է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.