Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ավարտվել է 74-ամյա Էդմոնդ Սիմոնյանի գործի դատական քննությունը: Նա մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 22-ի սահմաններում Ավանի Չարենց թաղամասի 9-րդ շենքին հարակից ավտոտնակների հրապարակում իր ավտոտնակը հրկիզելու հարցի հետ կապված՝ Էդմոնդ Սիմոնյանը վիճել է հիշյալ շենքի բնակիչ Ալեքսանդր Դ.-ի հետ, որի ժամանակ իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս թիկունքին, ձախ ուսագոտու շրջանին և պատճառել է մահ:
Ըստ դատական ակտի՝ 74-ամյա Էդմոնդը՝ բարձրագույն կրթությամբ, բուսաբուժությամբ զբաղվող, ժամանակավոր ապրել է հիշյալ տարածքում գտնվող իր ավտոտնակի… կտուրում:
Դեպքի ժամանակ նա ձայն է լսել, դուրս է եկել ավտոտնակի կտուրից ու իր երկրորդ ավտոտնակի մոտ տեսել է մոտ 40 տարեկան մի մարդու: Մոտեցել, տեսել է, որ մոտակա շենքի բնակիչ Ալեքսանդրն է: Էդմոնդը նկատել է նաև, որ իր երկրորդ ավտոտնակը այրվում է: Ալեքսանդրն ասել է, թե գնում է ջուր բերի, որ կրակը հանգցնի:
Որոշ ժամանակ անց Էդմոնդը տեսնելով, որ Ալեքսանդրը ջուր չի բերում, գնացել է նրա ուղղությամբ, հանդիպել է նրան, հարցրել է՝ ջուրն ի՞նչ եղավ: Ալեքսանդրը չի պատասխանել, ցանկացել է հեռանալ:
Էդմոնդը նրա պահվածքից ենթադրել է, թե նա է հրկիզել ավտոտնակը, հայհոյել է նրան, ապա իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի առաջնային ու հետին մակերեսներին, պատճառել է աջ թոքի միջանցիկ վնասում: Հարվածներից անակնկալի եկած Ալեքսանդրը փախել է: Էդմոնդը սկզբում հետապնդել է նրան, բայց չի հասել ու վերադարձել է այրվող ավտոտնակի մոտ:
Ալեքսանդրը հասել է իր շենքին, վերելակ է մտել ու հենց վերելակում մահացել է պատճառված վնասվածքներից:
Դատարանում Էդմոնդ Սիմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել դիտավորյալ սպանության համար:
Նախաքննության սկզբում Էդմոնդ Սիմոնյանը հայտնել է, թե Ալեքսանդրին՝ Սաշիկին ճանաչել է մոտ մեկ տարի՝ որպես հարևանությամբ ավտոտնակ ունեցողի:
Դեռ 2015 թվականի աշնանը ինքն իր անձնական գույքը դրել էր դրսում՝ իր երկու ավտոտնակների միջնամասում: Մի գիշեր իր գույքն այրել են: Ինքը չի իմացել, թե ով է այրել:
Այդ դեպքից հետո Սաշիկը դիմումներ է գրել թաղապետարան, բողոքել է՝ իբր ինքը տարածքն աղտոտում է՝ նկատի է ունեցել ավտոտնակների տարածքում եղած այրված թափոնը: Սաշիկը նույնիսկ լուսանկարել է այն, ներկայացրել է թաղապետի տեղակալին՝ որպես ապացույց: Իրեն ժամանակ էին տվել՝ տարածքը մաքրելու համար…
Էդմոնդը նշել է, թե իր կարծիքով՝ Սաշիկի «հեռահար նպատակը» եղել է ավտոտնակներին տիրանալը…
Դեպքի օրը՝ 2016 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 20-ի սահմաններում ինքը ավտոտնակի կտուրից, որտեղ ապրում էր, իջել է անձայն ու մոշի թփերի մոտից տեսել է, որ մի մարդ մոտեցավ իր ավտոտնակին, որը որպես պահեստարան էր ծառայում իր համար: Այդ մարդը ձգվել է՝ դեպի ավտոտնակի դարպասների վերևի եզրը, որտեղ ճեղք կար: Մի քանի վայրկյան հետո ավտոտնակի ներսում ուժեղ հրդեհ է բռնկվել, որը մթության մեջ լավ տեսանելի է եղել:
Ինքը վերջապես մոտեցել է այդ անձին ու տեսել է, որ Սաշիկն է: Նա վախեցած ձայնով հարցրել է իրեն՝ ներսում պայթող առարկաներ կա՞ն: Ինքը նրան պատասխան չի տվել: Բացել է ավտոտնակի դուռն ու փորձել է իրերը այնտեղից դուրս բերել: Սաշը առաջարկել է իր ավտոտնակից ջուր բերել:
Մի քանի րոպե հետո նորից տեսել է Սաշին՝ նա առանց ջրի կանգնած էր վառվող ավտոտնակի մոտ: Հարցրել է՝ ջուրն ո՞ւր է: Սաշիկը մեջքով շրջվել է իր կողմը: Նրա այդ պահվածքից ինքը հասկացել է, որ նա իրականում ձգձգում է, որ չօգնի:
Քանի որ տարածքում ուրիշ մարդ չկար, ինքը տեսել էր՝ ինչպես է նա մոտեցել իր ավտոտնակին, հետո ինչպես է հրդեհը սկսվել, ինքը հասկացել է, որ Սաշիկն է կրակ գցել իր ավտոտնակի մեջ: Այդ հանգամանքից ինքը զայրացել է, հայհոյանքներ է տվել: Իր մոտ մշտապես պահվող դանակը մինչև Սաշին մոտենալը արդեն պատյանից հանել էր: Այդ դանակով հարվածներ է հասցրել Սաշին՝ մթության պատճառով չնկատելով հարվածների ուղղությունը:
Էդմոնդը նշել է, թե իր գույքը այրելու համար ինքը ցանկացել է «պատասխան հարվածը հասցնել Սաշին»: Իր կարծիքով՝ անցած տարվա հրդեհն էլ նրա ձեռքի գործն էր:
Իր հարվածներից հետո Սաշը փախել է պատի երկարությամբ ձգվող արահետով: Նա երիտասարդ էր, ինքը նրան չի կարողացել հասնել: Վերադարձել է իր այրվող ավտոտնակի մոտ և զանգել է հրշեջ ծառայություն: Հրշեջները եկել, կրակը մարել են: Նրանցից մեկը
դարպասի ձողը բարձրացնելու պատրվակով իրենից ուզել է դանակը: Ինքը տվել է: Այնուհետև իրեն բերման են ենթարկել ոստիկանություն…
Հետագայում տված ցուցմունքում Էդմոնդը դիտավորյալ սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, թե Սաշիկին սպանելու դիտավորություն չի ունեցել, նրան հարվածել է պահի տակ՝ չհասկանալով, թե ինչ է անում:
Դրանից հետո արդեն՝ հաջորդ ցուցմունքներում Էդմոնդ Սիմոնյանը պնդել է, թե ինքը Ալեքսանդրին դանակով չի հարվածել: Ինքը Ալեքսանդրին չի մոտեցել, իր ավտոտնակը այրվում էր, ինքը սկսել է հանել իրերը: Քիչ հետո ինչ-որ ձայներ է լսել, գումարային պահանջի խոսակցություն: Շրջվել ու տեսել է, որ Ալեքսանդրը տեղից «պոկվեց» ու վազեց արահետով: Երկու անծանոթ անձինք վազել են նրա հետևից՝ նախապես հրդեհի լույսի տակ իրեն զգուշացնելով՝ լսի, բիձա, նախապես զգուշացնում եմ՝ ոչ մեկ չպետք ա իմանա մեր մասին ու ինչ ա էստեղ տեղի ունեցել, եթե բերանդ շաղ ես տվել, իմացի՝ մեր ձեռքը երկար ա, քեզ կգտնենք… գլուխդ կթռցնենք…
Էդմոնդը նշել է, թե այդ սպառնալիքից այնպես է վախեցել, որ նախաքննության սկզբից ընդունել է, թե ինքն է Սաշիկին խփել, բայց դա ճիշտ չէ…
Նախաքննության ժամանակ որպես վկա հարցաքննվել է Էդմոնդի բարեկամը: Նա հայտնել է, որ Էդմոնդը մասնագիտությամբ բժիշկ է, վերջին շրջանում զբաղվում էր բուսաբուժությամբ: Նա Կորյունի փողոցում երկու սենյականոց բնակարան ունի, բայց ապրել է Ավանում՝ իր ավտոտնակներից մեկում: Վկան ասել է, թե դեպքից առաջ մի անգամ Էդմոնդի մոտ տեսել է ստվարաթղթե պատյանի մեջ դրված դանակ, որի շեղբը եղել է ալիքավոր-ատամնավոր: Երբ հարցրել է՝ որտեղի՞ց այդ դանակը, նա պատասխանել է, թե այն միշտ իր մոտ է լինում, դրանով բույսեր է կտրում…
Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին Էդմոնդ Սիմոնյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Նա փորձաքննության ժամանակ հայտնել է, թե երկար ժամանակ կասկածներ է ունեցել, որ իր ավտոտնակները հրդեհելը Սաշայի արածն է: Դեպքի օրը համոզվել է դրանում՝ Ալեքսանդրին տեսնելով այրվող ավտոտնակի մոտ: Դրանից վշտացել ու վրդովվել է:
Ըստ փորձաքննվողի՝ Ալեքսանդրը մտադրություն ուներ իր ավտոտնակները «յուրացնել»՝ երկու անգամ հրդեհել է դրանք, բողոքներ է գրել թաղապետարան: Այդ հանգամանքները, ըստ փորձաքննվողի, լցրել են իր համբերության բաժակը:
Փորձաքննվողը հայտնել է, թե ավտոտնակներում կուտակում էր տարբեր տեղերից հավաքած բույսեր, չորացնում էր, ապա օգտագործում էր բուժական նպատակով…
Ալեքսանդրի բողոքներից հետո թաղապետարանը Էդմոնդին 15 օր էր տվել՝ տարածքը մաքրելու համար…
Փորձաքննվողն ասել է, թե Ալեքսանդրին դանակով հարվածներ է հասցրել պահի ազդեցության տակ, առանց հետևանքների մասին մտածելու և իր խորին զղջումն է հայտնում…
Դատարանը Էդմոնդ Սիմոնյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 9 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2016 թվականի օգոստոսի 24-ից:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am