Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2021 թվականի նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում նախատեսվում է անցկացնել համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երեք համայնքներում ընտրություններ կազմակերպելու համար նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել 25 մլն 249 հազար դրամ:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր է սահմանել՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և լրացուցիչ դեկտեմբերի 5:
«Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները և մենք դեկտեմբերի դրությամբ կունենանք նոր միավորված համայնքներ: Գործընթացն արդեն մեկնարկել է, տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ համայնքների բնակիչների հետ: Առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ և հավանաբար արդեն հաջորդ շաբաթ նախարարությունը մեզ կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը: Ըստ այդմ, ուզում եմ քաղաքական կուսակցություններին կոչ անել ակտիվորեն մասնակցել այս պրոցեսին, որովհետև արդեն ունենք նոր օրենք, որն ընտրական պրոցեսը դարձրել է համամասնական: Սա լավ հնարավորություն է թե տեղական ժողովրդավարության ամրապնդման, թե կուսակցությունների կայացման համար»,-ասաց Պապիկյանը: