Գեղարքունիքի մարզում այսօր` դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթարից մահացած 42-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Կարճիկյանը սոցիալապես անապահով պայմաններում էր ապրում, նրա խնամքին էին 4 անչափահաս երեխաներ: Այս մասին NEWS.am-ին ասացին Տորֆավանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ահարոն Խաչատրյանը:
«Սամվելը մեր գյուղի բնակիչ է, բայց արդեն ահագին ժամանակ է, ինչ ընտանիքով Գեղարքունիք մարզի Արփունք գյուղ էր տեղափոխվել: Շատ խելոք, շնորհքով տղա էր, 4 անչափահաս երեխա ունի խնամքին, իրենք էլ լավ չէին ապրում, հազիվ էին հասցնում,
որովհետեւ տան միակ աշխատողը Սամվելն էր: Հիմա էլ էդ երեխեքը մնացին մոր ու կնոջ հույսին»,-ասաց Ահարոն Խաչատրյանը` հավելելով, որ Սամվելի հայրը 6 ամիս առաջ էր մահացել քաղցկեղից:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի
գոտուց, շրջվել գլխիվայր եւ հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Վարորդը տեղում մահացել էր: Վթարի պատճառը ավտոմեքենայի առջեւ հայտնված խոշոր եղջերավոր անասուններն են եղել, որոնցից պայմանագրային զինծառայողը փորձել է խույս տալ,
սակայն չի հաջողվել եւ մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլխիվայր շրջվել:
Նշենք, որ 42-ամյա Սամվել Կարճիկյանը պայմանագրային զինծառայող էր, աշխատում էր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am