Ուժի մեջ է մտնում հայհոյանքը քրեականացնող օրենքը

Ուժի մեջ է մտնում Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, որով հայհոյանքը քրեականացվում է։ Այս օրենքների փաթեթը Ազգային ժողովն ընդունել էր այս տարվա հուլիսի 30-ին։ Օգոստոսի 20-ին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է օրենքը։ Եվ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Նշենք, որ Քրեական օրենսգրքում լրացվել է հոդված 137.1-ը, որը վերաբերում է ծանր վիրավորանքին։

Ըստ այդմ՝

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ 1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, 2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Այս հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: Օրենքի հեղինակները նախկին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են։

Նկատենք, որ իրավաբաններն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Քրեական օրենսգրքում կատարված այս փոփոխությամբ հայհոյանքի համար քրեական պատիժը կիրառվելու է մինչև 2023 թվականը։ Օրենքի հեղինակները փոփոխություն են արել գործող Քրեական օրենսգրքում, որը կիրառվելու է մինչև 2023 թվականը։ Ավելի վաղ կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականից Հայաստանում ուժի մեջ է մտնելու Քրեական նոր օրենսգիրք, որոմ չկա հայհոյանքը քրեականացնող նորմ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.