Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սառնակունք գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira և Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնություն է ցուցաբերել:
Ժամանել են ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ:
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: