Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի կապակցությամբ ասել է, թե դրա «վիճարկելի հատվածները» Բաքվի վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ եռակողմ հուշագիր չկա, ինչպես պնդում են ընդդիմության պատգամավորները։ Հիշեցնենք, որ Բաքվի զինվորականները երեկ եւ այսօր փակել են այդ ճանապարհի երկու հատվածները, իբր ի պատասխան իրենց զինվորականների դանակահարության, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքում է։
Հասկանալի է, որ սա միայն առիթ ապահովելու համար էր, եւ խնդիրը լիովին այլ տեղում է։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ճանապարհի այդ հատվածների վերաբերյալ «քաղաքական որոշում է կայացրել, և ես ամբողջությամբ այդ որոշման պատասխանատվությունը կրում եմ»։ Ըստ նրա՝ անցյալ տարվա դեկտեմբերին ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ «Բայց այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև»։
Ստացվում է՝ ճանապարհի այդ հատվածի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ չկա, կա ՀՀ-ՌԴ պայմանավորվածություն, որը խախտվել է։ Ո՞վ է խախտել՝ Ռուսաստա՞նը, Բաքո՞ւն, որը կարող է ասել, որ պայմանավորվածության կողմ չէ։ Թե՞ վարչապետն այս ամենը պատմում է, որպեսզի «հիմնավորի» եռակողմ թղթերի անհրաժեշտությունը։
Բայց գանք Ռուսաստանին, քանի որ ստացվում է, որ Ռուսաստանն է ՀՀ վարչապետին համոզել ճանապարհի այդ հատվածները հանձնել Բաքվին, եւ ըստ այդմ՝ ՌԴ-ն Բաքվի հետ էլ է ունեցել պայմանավորվածություն, որ ճանապարհը պետք է գործի։ Դա նշանակում է, որ Բաքուն կամ ՌԴ հրահանգով է փակել ճանապարհը, կամ էլ դուրս է եկել նրա հետ պայմանավորվածությունից, այդպիսով «կասկածի տակ դնելով ՌԴ միջնորդական առաքելության արդյունավետությունը եւ հարվածելով նրա հեղինակությանը»։ Չակերտներում վերցված այս արտահայտությունը ՀՀ ռուսանպաստ շրջանակների վերջին շրջանի հիմնական թեզերից մեկն է, այդ թեզն օգտագործում է նաեւ վարչապետը։
Ո՞ր դեպքի հետ գործ ունենք։ Հայաստանի տարածքի վրա Մոսկվան կիրառում է մասնատման ու մասնավորապես Հայաստանն Իրանից կտրելու, Սյունիքի մարզի օտարման քաղաքականությունը, այնտեղ տեղակայելով իր ռազմաբազան։ Բաքուն այս քաղաքականության գործիքն է, որի զինված ներխուժումների առաջնորդությամբ Մոսկվան Հայաստանում ընդլայնում է իր ռազմական ներկայությունը։
Ճանապարհի փակումը տեղի ունեցավ խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման եւ ընդունման օրը։ Մոսկովյան քվոտաներով կազմավորված խորհրդարանը երկու օր զբաղված էր իշխող խմբակի խաղաղ դարաշրջան-ընդդիմության արժանապատիվ խաղաղություն տխմարությունների բախման տեսարաններ ապահովելով, ինչը նրա միակ գործառույթն է՝ ռուսական ծրագրերի անխափան իրագործման ճանապարհին։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am