Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի սկզբնամասում Nissan Versa մակնիշի 35 MR 016 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ
Ղազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածը Նոր Հաճնի բնակիչ՝ 14-ամյա Սարգիս Եղիկյանն էր, վիրավորները՝ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի բնակիչ՝ 16-ամյա Նարեկ Թովմասյանը և Նոր Հաճնի բնակիչ՝ 18-ամյա Վարազդատ Աբրահամյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com