Ծայրահեղական Թալիբան շարժման զինյալ խմբերն Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ են այս պահին մարտեր մղում Լոգար նահանգում ՝ մայրաքաղաքից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա: Ամերիկյան բանակի հաշվարկներով Քաբուլը կարող է ենթարկվել ապստամբների հարձակումներին եկող 30 օրերի ընթացքում, գրում է Ամերիկայի ձայնը:
Գրոհայինները գրավել են երկրի հարավ -արևելքում գտնվող, ռազմավարական նշանակություն ունեցող Ղազնի քաղաքը, ինչն ավելի է մոտեցնում նրանց դիրքերը Քաբուլին:
Հերաթը ՝ երկրի մեծությամբ երրորդ քաղաքը, նույնպես գտնվում է թալիբների վերահսկողության ներքո:
Վերջին հաղորդագրությունների համաձայն Թալիբանի վերահսկողության տակ է անցել նաեւ Աֆղանստանի երկրորդ մեծ քաղաքը ՝ Քանդահարը:
Իսլամիստներն արդեն վերահսկողություն են հաստատել երկրի 34 նահանգներից առնվազն 11-ի վրա:
Եվրամիությունը զգուշացրել է թալիբներին, որ Աֆղանստանում իշխանությունը բռնի զավթելու դեպքում վերջիններս կհայտնվեն միջազգային մեկուսացման մեջ:
«Եվրամիությունը ձգտում է շարունակել իր գործընկերությունը Աֆղանստանի ժողովրդի հետ և աջակցել նրան: Այնուամենայնիվ, աջակցություն կտրամադրվի միայն այն դեպքում, եթե խաղաղ և ներառական լուծում ձեռք բերվի, և բոլոր աֆղանստանցիների, այդ թվում կանանց, երիտասարդների և փոքրամասնությունների հիմնարար իրավունքները հարգվեն», հայտարարել են Եվրամիության պաշտոնատար անձինք:
ՄԱԿ-ի գործակալությունները հայտնում են Ա ֆղանստանում աստիճանաբար ավելի խորացող մարդասիրական ճգնաժամի մասին, երբ Թալիբանի ուժերը շարունակում են արշավը դեպի մայրաքաղաք Քաբուլ, հերթով գրավելով նահանգային մայրաքաղաքները:
«Մենք ունենք մտավախություն, որ վատագույնը դեռեւս առջևում է, երբ երկրին է մոտենում սովի մեծ ալիքը: Իրավիճակն ունի հումանիտար աղետի բոլոր նախանշանները», – ՄԱԿ -ի ճեպազրույցում ասել է Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Թոմսոն Ֆիրին:
Մայիս ամսից ի վեր ավելի քան 250 հազար մարդ է ստիպված եղել լքել իրենց տները, որոնցից 80 տոկոսը կանայք և երեխաներ են: Այս մարդիկ զինված խմբավորումների կողմից ճանապարհին հաճախ են ենթարկվում թալանի:
«Աֆղանստանցիների յուրաքանչյուր երեք մարդուց մեկն այսօր սնվելու պահանջը չի կարողանում բավարարել: Խոսքը 14 միլիոն մարդկանց մասին է», ասել է Ֆիրին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաշվարկով Թալիբանը կարող է Աֆղանստանի ամբողջ տարածքի վրա հաստատել իր վերահսկողությունը մի քանի ամիսների ընթացքում: