Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի արևմտյան հատվածում փորձել են հատել շփման գիծը․ՊԲ

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ «Արմենիապրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՊԲ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ ժամը 08:29-ի և  08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.