Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Նրան մեղադրանք է առաջադրվել, և նա հարցաքննվել է: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը:
Գործով փաստաթղթերի կեղծման ու կեղծված փաստաթղթերի գրանցման ընթացքում կատարված հանցավոր արարքների բոլոր հանգամանքները նախաքննության ընթացքում մանրակրկիտ ստուգվում են: «Եթե ի հայտ գան կոնկրետ անձանց կողմից հանցակցության փաստական տվյալներ, նշված անձանց արարքներին ևս կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- նշեց Հովհաննես Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ դատարանի կողմից ապօրինի օտարված գույքի փաստը վերջնականապես հաստատվելուց հետո այդ գույքի սեփականությունը կարող է վիճարկվել քաղաքացիական դատարանում և վերադարձվել համայնքին: «Խոսքը Գյումրի քաղաքի տարածքում գտնվող մի քանի հողամասերի օտարման գործընթացների հետ է կապված, որի ընթացքում թույլ են տրվել ՀՀ օրենսդրության խախտումներ, և տվյալ հողամասերն օտարվել են տարբեր սուբյեկտների՝ Վ. Ղուկասյանի հետ բարեկամական-հարազատական կապերի մեջ գտնվող անձանց, այդ թվում նաև ինքն իրեն: Ղուկասյանը, հանդիսանալով աճուրդային հանձնաժողովի նախագահ, հողամասերը վարձակալության է տրամադրել իրեն ու եղբորը հավասար բաժնեմասերով պատկանող «ԱՄԲԵՐՏԴ» ՍՊԸ-ին, այնուհետև վաճառքի միջոցով օտարել է, կամ լինելով հանձնաժողովի նախագահ և չունենալով իրավունք, տարածքն օտարել է իրեն »,- նշեց դատախազը:
Վարդան Ղուկասյանի նկատմամբ այս պահին որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, սակայն նախաքննության ընթացքում տարբեր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, խափանման միջոցը կարող է փոխվել:
Դատախազի տեղակալը հիշեցրեց, որ հիշյալ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019թ. վերջին: Բայց քննչական ու դատավարական գործողությունների ծավալուն ու բազմադրվագ լինելու պատճառով մեղադրանքը Ղուկասյանին հարուցվել է միայն 1.5 տարի անց:
Օգոստոսի 11-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով (19 դրվագ):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ըստ մեղադրանքի` Վարդան Ղուկասյանը Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ պաշտոնեական փաստաթղթեր, տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ է կեղծել, համայնքային հողամասերի օտարման աճուրդներին ու մրցույթներին անձամբ մասնակցել ու հաղթող ճանաչվել, ինչը օրենքով անթույլատրելի է։
ՀՔԾ հաղորդագրության համաձայն` Ղուկասյանը 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Մասնավորապես՝ Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներ, Ֆուրմանով, Ռուսթավելի, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասեր, Մարմաշենի խճ., Տիգրան Մեծ, 31 հասցեի, Տ. Ճարտարապետ փող. մի քանի հողամասեր, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասեր, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասը, «Գյումրու տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասի մի հատվածը, Գյումրու Աբովյան, 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությունը։
Այդ հանցավոր արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ: