Ինչ սպառազինություն է մատակարարվելու Հայաստանին

Lragir.am-ը գրում է. Օգոստոսի 11-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ

 

Սերգեյ Շոյգուն Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը նրան դաշույն է նվիրել ու ասել, որ «կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Հայկական պաշտոնական-կիսապաշտոնական մեկնաբանություններում նշվում է, որ «Ռուսաստանի հետ բանակի արդիականացման» համատեքստում համալրվելու է պատերազմի ժամանակ զինտեխնիկայի կորուստը, ինչպես նաեւ մատակարարվելու են ժամանակակից միջոցներ:

Եթե խոսքը նույն չթռչող-չկրակող տեխնիկայի մասին է, նշանակում է Հայաստանի վրա դուրս է գրվում մետաղի ջարդոն:

Ըստ ռուս փորձագետների, 2020-ի սեպտեմբերի պատերազմը նաեւ ռուսական զենքի պարտությունն էր, թեեւ պաշտոնական շրջանակներն ակնարկում են հայկական կողմից դրա վատ կառավարման հանգամանքը: Խնդիրն իհարկե ավելի լայն է, ինչը դրսեւորվեց պատերազմի ժամանակ եւ ներկայում հայտնի է իր բավականին մանրամասներով: Այն առնչվում է Ռուսաստանի քաղաքականությանը, տվյալ պարագայում՝ Լավրովի պլանի կիրառմանը, ինչը բացառում էր հայկական հաղթանակը, որովհետեւ դա կնշանակեր Ռուսաստանի դուրս մղումը Անդրկովկասից՝ այսպես կոչված «Ադրբեջանի» հայ-թուրքական բաժանմամբ, միեւնույն ժամանակ Արցախում պլանը պետք է իրականացվեր երկուստեք ահռելի կորուստներով: Հայկական կողմի զոհերը մոտ 5000 են, Բաքվինը՝ տարբեր գնահատականներով՝ 20-25 հազար:

Կոպիտ ձեւակերպմամբ՝ Լավրովի պլանը ենթադրում էր սպառազինության, զորքի կառավարման «համապատասխանեցում» այդ խնդիրներին, պատերազմի ընթացքում բանակի մի զգալի մասի ոչնչացմամբ ու հանրության հոգեբանական ընկճմամբ, ինչն անհրաժեշտ էր հետպատերազմյա «կարգավորումն» անխափան իրականացնելու, այն է՝ Հայաստանին «դեմարկացիոն, հաղորդակցական ու խաղաղության» պայմանագրեր պարտադրելու համար՝ հայկական քաղաքական ռուսանպաստ շրջանակների, քարոզչական կազմակերպված ցանցի ու ՖՍԲ-ի արդեն երկրորդ էշելոնի ներգրավմամբ:

Այս ֆոնին, Հայաստանին սպառազինության մատակարարման մեկնարկի մասին Շոյգուի հայտարարությունը նշանակում է Հայաստանի հանդեպ քաղաքականության, ավելի ճիշտ՝ Լավրովի պլանի ընդլայնված կիրառման հերթական փուլի մեկնարկ, ինչն առնչվում է Հայաստանի տարածքին: Դա է վկայում զուգահեռ ծավալվող քարոզչական սրտառուչ ֆոնը՝ «ռուս-ադրբեջանական հակասությունների», «ադրբեջանցիների կողմից ռուսական խաղաղարարությունը վարկաբեկելու», «հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները նոր որակի բարձրացնելու», «տարածաշրջանում բալանսը վերականգնելու» եւ այլ նման բովանդակությամբ: Երեւան է այցելում Զասը, գնում է Եռաբլուր, ընդունում է, որ Բաքվի ներխուժումները սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը, սահմանախախտման դեպքում կրակելու հրաման է տալիս պաշտպանության նախարարը, որը վերագրվում է ռուսական կողմի դիրքորոշման փոփոխությանը (այսինքն՝ ռուսներն էին արգելում կրակել):

Իսկ նույն պահին օրինակ Բաքվի դրոնները հարձակումներ են գործում Հայաստանում եւ ԼՂՀ-ում, Ակնայի ռուս-թուրքական կենտրոնից կառավարմամբ:

Ի՞նչ սպառազինություն է մատակարարվելու Հայաստանին, եւ քաղաքական ի՞նչ խնդիրների տակ: Օրինակ, դա ենթադրո՞ւմ է Արցախի հարցի փակումը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.