Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։
«Իմ պաշտպանյալը նաև առաջադրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը սկսել է օգոստոսի 9-ից և դեռ ընթացքի մեջ է: Խնդրում եմ բացակայությունը համարել հարգելի»,- ասաց Ալեքսանյանը:
Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցով:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմելով դատարանին՝ ասաց, որ համաձայն է նիստը հետաձգելուն:
«Ունեմ նաև մեկ վերապահում՝ կա 1 միջնորդություն, որը գործընկերս է ներկայացրել՝ Սեդրակ Քոչարյանի իրավունքների հարցը քննարկելու համար: Կարծում եմ, որ պարոն Գևորգյանի բացակայությունը չի խոչընդոտում այդ հարցը քննարկելուն, որովհետև առնչություն չունի իր շահերի և իրավունքների հետ»,- ասաց Խուդոյանը:
Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատարանը հնարավոր չի համարում որևէ այլ հարցի քննարկում, բացի նրա բացակայության հետ կապված հարցերից:
«Նախորդ նիստի ժամանակ դատարանը չի արձանագրել Արմեն Գևորգյանի անհարգելի բացակայության հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նոր ձևավորված ԱԺ-ի առաջին նիստն էր: Հաշվի առնելով, որ նման վարքագիծը կրկնվում է, դատարանն այստեղ անբարեխղճություն է տեսնում Արմեն Գևորգյանի կողմից: Դատարանը համարում է, որ Գևորգյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառի:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:
«Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ, նա անձեռնմխելի է և որևէ հարկադրանքի միջոց, առանց ԱԺ-ի թույլտվության չի կարող կիրառվել: Դատախազի նման որոշումը չի բխում քրեական դատավարության և Սահմանադրության պահանջներից»,- դատախազի նման առաջարկին հակադարձեց Էրիկ Ալեքսանյանը:
Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար:
«Դատարանն այդ պատճառաբանությամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին»,- ասաց Դանիբեկյանը:
Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 17-ը, ժամը 13:00-ն: