Այսօր, օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալները։
Ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյաի և 30-ամյա Լիանա Գասպարյանի դիերը։ Հայտնաբերվել են նաև պայթյունի հետքեր։
Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են, իսկ տեղում աշխատում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են։ Ամուսինը զինվորական է։ Եվ այս պահին քննարկվում է՝ դեպքով ո՞ր գերատեսչությունն է զբաղվելու, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությո՞ւնը, թե՞ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։
Պարզվում է նաև, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյուն։