Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող իր տանը:
«Արմենիապրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել: Քրեական գործ է հարուցվել 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը), 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձը)»,- նշեց Թադևոսյանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տունը:
«Նրան դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել… Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։ Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի՝ ավագանու [կազմում] գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին»,- նշել է Գալջյանն ու հավելել, որ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։