Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակոցներ է արձակել Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հուլիսի 23-ին ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, կրակոցները սկսվել են ժամը 17:00-ից և որոշակի ընդհատումներով շարունակվում են նաև այս պահին, տարբեր տրամաչափի զինատեսակներից են, ինտենսիվ են և ուղղված են դեպի հայկական զինված ուժերի դիրքերը։  Ընդ որում, ադրբեջանական զինված ուժերի դիրքերը, օրինակ, Կութ գյուղի անմիջապես հարևանությամբ են տեղակայված՝ մոտ 3 կմ հեռավորության վրա ու գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:

«Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Կութի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից այսօր վիրավորվել է ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող»- նշված է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.