Երեկ երեկոյան Նարեկ և Հարություն անունով երկու անձիք, որոնցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, Ամիրյան փողոցում խուլիգանական վարքագծով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը’ մեքենայով հետապնդելով Երևան քաղաքի բնակիչ’ Արման անունով երիտասարդի կնոջն ու մանկահասակ դստերը: Սույն անձինք մեքենայով հետապնդելիս անհարգալից և վիրավորական արտահայտություններ են թույլ տվել կնոջ և երեխայի հասցեին:
Արմանի կինը հեռախոսով տեսանկարահանել է տեղի ունեցածը և տեսանյութն ուղարկել ամուսնուն: Արմանը, ով այդ պահին հենց այդ կողմում է եղել, նկատել է, թե ինչ է կատարվում և մոտեցել է կնոջն ու երեխային: Հետապնդողներից մեկը, ով զինված է եղել դանակով’ հանել է դանակը և սկսել սպառնալ’ ձեռքի անկանոն շարժումներով պտտելով այս ու այն կողմ: Երբ Արմանը երիտասարդներին հարցրել է, թե ինչ է կատարվում, ինչու են իրենց այսպես պահում’ վերջիններս սկսել են ավելի ագրեսիվ իրենց դրսևորել’ հայհոյելով ու վիրավորելով Արմանի աղջկան, կնոջն ու ծնողներին, ապա կնոջ ու դստեր աչքի առաջ դանակով հարվածել են Արմանին:
Իրավիճակը հանդարտվել է այն ժամանակ, երբ այդ կողմով անցնող երրորդ անձը սթափեցնող կրակոցներ է արձակել: Այդ կրակոցներից հետո միջադեպը կասեցվել է’ կանխելով հնարավոր ողբերգական ավարտը, որն անգամ կարող էր կյանք խլել։ Վերը նշվածը արձանագրվել է տեսախցիկներով, որը առկա է քրեական գործի նյութերում: