Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Մայիլյանի վարած Գազ-3110 մակնիշի 34 ZV 139 համարանիշի և 57-ամյա Գարեգին Գալոյանի վարած ԳԱԶ-53 մակնիշի 808 OP 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3110-ի վարորդ Մ. Մայիլյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ՝ 39-ամյա Հեղինե Քոչինյանը և 69-ամյա Շողիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով
տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Հ. Քոչինյանը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ Շ. Մանուկյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխաբվորութմամբ: Դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական ջոկատով: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ
Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Լոռու մարզիչ քննչական վարչության ավագ քննիչ Գագիկ
Վերմիշյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը ԳԱԶ-3110-ի վարորդի կինն էր, իսկ Շ. Մանուկյանը՝ նրա մայրը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com