Շառաչուն ապտակ Ադրբեջանին

Շուշիում կազմակերպված դիվանագետների հավաքը միանշանակ փաստեց, որ Արցախի հակամարտության լուծումը բաց է մնացել: Պաշտոնական Բաքուն այդ քայլով հերթական  անգամ ցանկանում էր հայտարարել, որ Արցախի ժողովրդի դեմ հրահրած ագրեսիայի արդյունքում իրեն հաջողվել է լուծել արցախյան հիմնահարցը: Ու կրկին Ադրբեջանը շառաչուն ապտակ ստացավ հիմնահարցի խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Շուշի այցելած՝ Ադրբեջանում ներկայացված 46 երկրի շարքում բացակայում էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Այստեղ պետք է արձանագրել, որ վերջիններս լոկ համանախագահող երկրներ չեն, նրանք աշխարհի խոշորագույն երկրներից են եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական երեք անդամները: Եթե ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նման դիրքորոշումն այնքան էլ արտառոց չդիտվեց, ապա Ռուսաստանի դեպքում վիճակը մի փոքր այլ է: Այս երկիրը, հակամարտության մեջ ստանձնելով խաղաղապահի առաքելությունը, մինչ այս փորձում էր կտրուկ ժեստեր չանել կողմերից որեւէ մեկի ուղղությամբ: Սակայն ռուս դիվանագետի՝ Շուշի չայցելելը հնարավոր չէ չեզոք կեցվածք համարել: Ամենայն հավանականությամբ, ՌԴ-ն այդ կերպ իր դիրքորոշումը հայտնեց ընդամենը մեկ ամիս առաջ նույն Շուշիում Ալիեւի եւ Էրդողանի ստորագրած Շուշիի դեկլարացիային, որում կողմերը հստակ ուղերձ էին հղել ռուսական կողմին, որ պատրաստվում են Ադրբեջանում մեծացնել ոչ միայն թուրքական տնտեսական ներկայությունը, այլեւ՝ ռազմականը: Էրդողանն ավելի ուշ խոսեց նաեւ Արցախի մոտ թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին: Այդ ամենին Ռուսաստանի պատասխանը չուշացավ: Բայց այստեղ էականն այն է, որ երկար տարիներ հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող երկիրը, որը մինչեւ ուղն ու ծուծը տիրապետում է հակամարտությանը, առարկայորեն չէր կարող ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը համարել լուծում: Ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին հայտնել Մինսկի խմբի երկրների դիվանագետների բացակայության մասին, սակայն այդ միջոցառումից բացակայել էին նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւս երկու մշտական անդամ՝ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան: Դա արդեն լուրջ ուղերձ է Թուրքիային եւ Ադրբեջանին: Վերջիններս համարվում են թուրքական այդ երկու պետությունների մշտական մերձավոր գործընկերները: Նրանց այդ քայլը կարող է բացատրվել որպես ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների գործողության շարունակություն: Հյուսիսատլանտյան դաշինքի պետություններն սկսել են ավելի կոշտ քայլեր անել ի պատասխան Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ մերձեցման: Կանխատեսվում է, որ առաջիկայում նման վերաբերմունքի դրսեւորումների նոր դեպքեր կլինեն: Այստեղ լիովին օրինաչափ էր Հնդկաստանի դեսպանի բացակայության փաստը: Հնդկաստանի հետ ծայրահեղ վատ հարաբերությունների մեջ գտնվող Պակիստանի հետ Ադրբեջանի ռազմաքաղաքական աննախադեպ մերձեցումը եւ արցախյան երրորդ պատերազմում այդ երկրի գործուն մասնակցությունը չէին կարող չնկատվել Հայաստանի հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող այս խոշոր պետության կողմից: Շուշիում կազմակերպված դիվանագետների հավաքը վեր հանեց արցախյան հակամարտության ներկայիս իրական հանգրվանը: Այսօր արդեն միանշանակ կարող ենք պնդել, որ Ադրբեջանին չի հաջողվի սանձազերծած ագրեսիայի արդյունքները որակել որպես հիմնահարցի կարգավորում: Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն այլընտրանք չունի: Ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը լուծված չէ, որը հակամարտության հիմքն է, իսկ առանց դրա անիմաստ կլինի խոսել հիմնահարցի լուծված լինելու մասին, իսկ այս վիճակում այն սառեցված երկար մնալ չի կարող: Չնայած ՌԴ-ն հայտնել է, որ պատրաստ է ըստ անհրաժեշտության ցանկացած ժամկետով ապահովել տարածքի խաղաղ կյանքը: Բայց ինչպես Վլադիմիր Պուտինն է բազմիցս հայտարարել՝ Արցախի խնդրի հիմքում ընկած է էթնիկ գործոնը, եւ այն միայն տարածքի խնդիր չէ: Իսկ պատմությունից հայտնի է, որ էթնիկ հարցերը լուծվում են կամ այդ էթնոսի ոչնչացմամբ, կամ նրա ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ:
 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.