Armtimes.com-ը գրում է. «Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Վանաձորի բժշկական կենտրոնի նախկին մասնաշենքում գտնվող շտապբուժօգնության նախկին կայանում՝ հատակին, պարկերի մեջ դիեր են պահվում: Վանաձորի բնակիչ Հակոբ Միկոյանն այս մասին գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ մասնավորապես նշելով. «Վերջերս, գործնական առումով, գործընկերներիս հետ այցելել էինք Վանաձորի նախկին շտապօգնության լքված տարածք (այդ վայրը դիտարկում էինք, որպես ապագա անասնաբուժական կլինիկա, կից նաև թափառող կենդանիների համար փոքրիկ կացարան): Ովքեր չգիտեն ասեմ, որ այդ վայրին կից նախկինում տեղակայված էին Վանաձորի բժշկական կենտրոնը, ծննդատունը, մորգը նաև արյան կենտրոնը։ Ներկայումս վերը նշվածներից մնացել է միայն մորգը։
Մի խոսքով։ Ուշ ժամ էր, անասնաբույժ գործընկերներիս հետ մտնում ենք այդ լքված շինություն, հեռախոսի լապտերներով լուսավորում, որպեսզի մոտավոր պատկերացում ունենանք ինչ վիճակում է շինությունը և արդյոք հարմար է մեր աշխատանքները կազմակերպելու համար, թե ոչ։ Հենց առաջին իսկ սենյակ մտնելով նկատում ենք հատակին սև պոլիեթիլային մեծ տոպրակ է գցված, մարդու բոյով, տոպրակի բերանը սկոչով փակած, սկոչի տակ էլ թղթի վրա գրված մի կնոջ անուն ազգանուն, որը հիմա հասկանալի պատճառներով չեմ գրում այստեղ...
Նայում ենք իրար երեսի, ու չգիտենք ինչ խոսենք։ Անասնաբույժ ընկերս (ում անունը կարիք չեմ համարում այստեղ գրել) ասում է, որ հատակին դրված տոպրակի մեջ հավանաբար դիակ է և հորդորում է, որ տարածքը լքենք»։
Տարածքից դուրս գալով, Հակոբը զանգահարել է ոստիկանություն ու պատմել տեսածի մասին: Քիչ անց, ըստ Հակոբի, իրեն զանգահարել են ոստիկանությունից ու հաստատել՝ պարկերում իսկապես դիեր են եղել, եւ դրանք դիահերձարանից են տեղափոխել այդ շինություն. «Մորգից են բերել դրել ըտեղ, քովիդով մահացածի մարմին ա, ու էնտեղ մենակ մի դիակ չկա, շատ կա...»:
«Հայկական ժամանակն» այցելեց շտապօգնության նախկին կայան, որտեղ, ըստ ահազանգի, դիակներն են պահվում: Մուտքի դուռը բաց էր, վրան անգամ կողպեք չկար, տարածքում ոչ ոք չկար, որը կամ մեզ արգելեր, կամ էլ պարզապես հարցներ, թե ով ենք եւ ուր ենք գնում: Հնարավորինս պահպանելով անվտանգության կանոնները մտանք ներս: Մութ սենյակներից առաջինում միայն, որը նախկինում տնօրենի աշխատասենյակն էր, մի քանի սեղաններ էին դրված, վրան ծածկոցներ ու սպիտակեղեն լցված: Մեր տեսածը հուշում էր, որ այստեղ, իսկապես դիակներ են եղել, թեեւ այդ պահին մարմիններ չկային:
ՀԺ-ին լավատեղյակ աղբյուրները հաստատեցին՝ որոշ ժամանակահատված իսկապես, կորոնավիրուսից մահացածների մարմինները թե բնակարաններից, ու թե հիվանդանոցից միանգամից այստեղ են բերել, որոշակի գործողություններ իրականացրել, ապա համապատասխան կարգով հանձնել մահացածների հարազատներին: Մեր աղբյուրը հայտնեց նաեւ, որ եղել են օրեր, երբ անգամ դիերը հատակին են դրել, նաեւ՝ կողքի սենյակներում: Զրուցակցիս փոխանցմամբ՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ համապատասխան աշխատակիցների ու մահացածների հարազատների միջեւ վիճաբանություններ են անգամ տեղի ունեցել, դիերի ոչ պատշաճ պահման պայմանների հետ կապված: Ի դեպ, մեզ հայտնեցին նաեւ, որ շինության ու այն սենյակի, որտեղ պահվել են դիերը, դռները գրեթե միշտ բաց են եղել:
Դուրս գալով դիերի պահման սենյակից ու շինությունից, մեզ դարձյալ ոչ ոք չհանդիպեց:
Շտապբուժօգնության նախկին շենքն ու դիահերձարանը իրարից մոտ 100 մետր հեռավորության վրա են գտնվում:
Շինության մեջ դիեր իսկապես եղել են
ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը չհերքեց՝ մահացածների մարմիններ նշված տարածքում իսկապես պահվել են, պատճառն ըստ տնօրենի՝ իրավիճակային է եղել. «Որոշ ժամանակ, երեւի մի քանի օր, կարճ ժամանակով այո, այդտեղ դիեր են պահվել՝ կապված կորոնավիրուսի պիկի ու պատերազմական իրավիճակի հետ, երբ դիահերձարանում տեղ չկար»,-ասաց պարոն Մկրտչյանը՝ խնդրելով մանրամասների համար զանգահարել ավելի ուշ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում