Կինը սրբիչով խեղդել է տղամարդուն և հայտնել ոստիկանությանը

2021թ. հուլիսի 02-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, մի կնոջից ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել՝ Եղվարդ քաղաքի «Հուշարձաններ» կոչվող վայրում իր կողմից սպանություն կատարելու վերաբերյալ։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել Եղվարդ քաղաքի բնակիչ, 61-ամյա տղամարդու դին՝ խեղդամահ արված վիճակում:

Նախնական տվյալներով՝ նշված ավտոմեքենայում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սրբիչով խեղդամահ է արել տղամարդուն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի բնակչուհի է՝ 31 տարեկան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է սրբիչ և կանացի մազեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

31-ամյա կինը ձերբակալվել է՝ տղամարդու սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.