Արմավիրում տղամարդը սպանել է ընկերոջ որդուն

Արմավիրի մարզում տղամարդը սպանել է ընկերոջ որդուն՝ իր 16-ամյա դստերն անարգելու և դրամից հետո նրանից գումար և ոսկյա զարդեր շորթելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ աղջկա հայրը սպանությանը պատրաստվել է 4-5 օր։ Մասնավորապես, տեղեկանալով, որ իր ընկերոջ որդին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր անչափահաս՝ 16 տարեկան դստեր հետ, ապա նրանից գումար և ոսկյա զարդեր շորթել, որոշել է վրեժխնդիր լինել ։ Դեպքից 4-5 օր առաջ տղամարդը ձեռք է բերել որսորդական երկարափող հրացանը, կարճեցրել դրա փողը, խզակոթը և պահել իր տանը, այնուհետև՝ պայմանավորվածություն է ձեռք բերել երիտասարդի հետ՝ գումարային հարցերի շուրջ։ Դեպքի օրը՝ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել երիտասարդի հետ, պայմանավորվել հանդիպման մասին , ապա կարճեցված փողով և խզակոթով հրացանը դրել ավտոմեքենայի մեջ և ուղևորվել դեպի Արմավիրի մարզ՝ երիտասարդի հետ հանդիպման։

Պայմանավորված վայրում նկատելով, որ երիտասարդն իջնում է մեքենայից՝ աղջկա հայրը երեք անգամ կրակոց է արձակել՝ երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով գլխի, որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել աղջկա հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության համար, վերջինս կալանավորվել է։ Հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։ Այժմ քրեական գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.