Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են CRED վարկային կազմակերպությունը

Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներն ու ոստիկանության փորձաքրեագետները։ Թե ինչքան գումար է հափշտակել ստահակը, պարզվում է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վարկային կազմակերպությունը հսկվում է «Արմոբիլ» ընկերության կողմից և արդյոք այդ պահին նշված ընկերությունից մարդիկ եղել են, թե ոչ՝ նույնպես պարզվում է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.