Ողբերգական դեպք Հայաստանում. Հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա տղայի դի

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Shamshyan.com-ի տեղեկություններով հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանութան Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Զոհրաբյանը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա Սարգիս Թ.-ն էր:

Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 13:45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Սարգիս Թ.-ին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի վայրում քննիչի կողմից կատարված զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվե է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.