Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին

«Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է հունիսի 1-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:

Քոչարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի մայիսի 31-ի թիվ 108-Ա որոշումը:

Նշենք, որ, ըստ ԿԸՀ որոշման, 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի պատկերով եւ «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող է ճանաչվել:

Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում 5 քառակուսի մետրը գերազանցող այն քարոզչական պաստառները, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, որոնք փակցված կլինեն ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են դրանք փակցվել, ենթակա են վերացման: Տվյալ դեպքում «Կյանք եւ ազատություն» գրքի պատկերով եւ «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող է ճանաչվել, քանի որ Քոչարյանը պատգամավորի թեկնածու է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.