Թուրքական ուժերն անցյալ ամիս սկսված իրենց ռազմական գործողությունների շրջանակում թիրախավորել են Իրաքի հյուսիսում գտնվող մի քանի գյուղեր, գրում է քրդամետ Rudaw -ն և հավելում, որ վնասվել են տեղի քրիստոնյաներին պատկանող տներն ու եկեղեցիները։
«Կայծակի ճանկ» գործողությունը, որը սկսվել է ապրիլի 24-ին, կենտրոնացած է Դոհուքի Ավաշին, Բասիան և Մեթինա շրջանների վրա։ Տեղի բնակիչները հայտնում են, որ գործողությունների հետևանքով ավելի քան 246 հեկտար վարելահող է այրվել, այրվել է մոտ 21,5 հա անտառային տարածք, վիրավորվել են բնակիչներ և ավերվել են շինություններ։
Վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը Jerusalem Post-ում գրել է, որ, տեղացիների պնդմամբ, իրական ահաբեկչությունը Թուրքիայի հարվածների հետևանքով է տեղի ունենում, որոնց համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և նույնիսկ հրետանի։ Վերլուծաբանը նշել է, որ Թուրքիայի գործողությունները կարծես միտված են էթնիկ զտումներ իրականացնելուն։
«Դժվար է կապ չտեսնել քրիստոնյա, եզդի և քրդական փոքրամասնությունների տարածքները Թուրքիայի կողմից պարբերաբար թիրախավորելու և Իրաքում ու Սիրիայում փոքրամասնությունների տոտալ էթնիկ զտման և տեղահանման մեջ», — ասել է Ֆրանցմանը և հավելել, որ Թուրքիայի գործողությունները վտանգավոր պայմաններ են ստեղծել Իրաքի, Սիրիայի և Մերձավոր Արևելքի շատ փոքրամասնությունների համար։