Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:15-ի սահմաններում Հրաչյա Քոչարի փողոցում՝ «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 3 հետիոտնի: Այնուհետև Dodge-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին:
Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:
Ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Վրաերթի ենթարկվածներն ու Dodge-ի վարորդը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության տեսուչները։ Վրաերթ-վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները բարեկամներ են. մայրը, նրա անչափահաս տղան և ևս մեկ հոգի: