Ռուսաստանի դերը Իշխանասարի ուղղությամբ ծրագրված սադրանքի գործում

1in.am-ը գրում է.  Դա եղել է կեղծ քարտեզներով նախապես ծրագրված սադրանք, կառավարության մայիսի 13-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մայիսի 12-ին Իշխանասարում տեղի ունեցած հայտնի իրողությանը, երբ ադրբեջանական զինուժը առաջ է եկել մոտ 3 կմ և հատել Հայաստանի ինքնիշխան սահմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մայիսի 13-ին կգումարվի ԱԽ նիստ, որպեսզի քննարկվեն Հայաստանի անելիքները: ԱԽ նիստ տեղի էր ունեցել նաև մայիսի 12-ի ուշ երեկոյան: Այն, որ 13-ին էլ անցկացվելու է ԱԽ նիստ, վկայում է, որ խոսքը բավականին լուրջ և խորքային իրողության մասին է: Միևնույն ժամանակ, կազմակերպված և ծրագրված սադրանքի մասին Փաշինյանի հայտարարությունը բավականին բազմիմաստ է:

Մասնավորապես, հարց է առաջանում, թե որն է սադրանքի կազմակերպիչների շրջանակը: Այն սահմանափակվում է միայն Ադրբեջանով և Թուրքիայով, թե՞ կազմակերպիչների շրջանակում կարող է լինել նաև Ռուսաստանը: Համենայնդեպս, այդ հարցը առնվազն տեսականում արժանի է դիտարկման, հաշվի առնելով այն, որ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Լավրովի Բաքու այցից անմիջապես հետո: Իհարկե, այդ տրամաբանությունը դիտարկելի է դարձնում և այն, որ սադրանքը կազմակերպվել է իբրև դեմարշ Ռուսաստանի դեմ: Այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչ պատասխան կարող է տալ դրան Ռուսաստանը: Ընդ որում, խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա Հայաստանի փոխարեն: Արդեն մի հոդվածով անդրադարձել եմ, որ ինքնին առանցքային հարց է, թե ինչպես են իրավիճակի համար պատասխանատու հայաստանյան գերատեսչությունները թույլ տվել, որ Բաքուն անարգել իրականացնի ծրագրված սադրանքը: Եվ այդ հանգամանքը ի դեպ իր հերթին արդիական է դարձնում սադրանքի կազմակերպիչների շրջանակի բազմաշերտության դիտարկման առնվազն տեսական հնարավորությունը:

Բայց, Ռուսաստանը պետք է պատասխան տա իր փոխարեն, ոչ միայն որպես Հայաստանի անվտանգային դաշնակից, որն ունի որոշակի պարտավորություններ ՀՀ տարածքի անվտանգության իմաստով, այլ առաջին հերթին թերևս որպես նոյեմբերի 9-ի համաձայնագրի «միջնորդ-պատասխանատու»: Ռուսաստանն ի վիճակի՞ է ապահովել համաձայնագրի կատարումը: Այդ իմաստով փաստորեն դառնում ենք երկրորդ փաստի ականատես, որը կասկածի տակ է դնում ՌԴ կամ կարողությունը, կամ էլ ցանկությունը՝ կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի սեփական պատասխանատվությանն առնչվող քայլեր: Ռազմագերիների հարցին զուգահեռ, ավելանում է Ադրբեջանի սադրանքների զսպման հանգամանքը, կրկնենք՝ եթե Ռուսաստանն ինքը չունի մասնակցություն այդ սադրանքների ծրագրմանն ու դերակատարում դրանց իրականացումն ապահովելու հարցում: Բոլոր դեպքերում՝ չի կարողանում Ռուսաստանը, թե չի ցանկանում, աներկբա է մի բան, որ Հայաստանը պետք է առավելագույնն անի անվտանգային ռազմական և քաղաքական երաշխիքների բարձրացմանն ուղղված այլընտրանքային հնարավորություններ ձևավորելու համար, որոնք ենթադրում են ոչ միայն ներքին կարողության աստիճանի էական բարձրացմանը միտված քայլեր, այլ նաև արտաքին աջակցող հավելյալ գործընկերային մեխանիզմների ապահովման: Ընդ որում, սեփական պատասխանատվության իրացման մեղմ ասած թերության պայմաններում այդ հարցում Հայաստանի հանդեպ Ռուսաստանից խոչընդոտի հարուցումը կարող է վկայել միայն ադրբեջանական սադրանքների ուղղակի, թե անուղղակի քաջալերման մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.