Ովքե՞ր էին Սյունիքում «վիրավորներով մարտեր» բեմադրող մեդիատեռորիստները

Այսօր առավոտից որոշ լրատվամիջոցներ, հայտնի ու անհայտ դեմքեր լուրեր էին տարածում, թե իբր Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ուղղությամբ հակառակորդը հարձակում է նախաձեռնել եւ մարտեր են ընթանում։

Նշենք, որ ՊՆ-ն արդեն իսկ հերքել է տարածվող լուրերը եւ հայտարարել, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում եւ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Արցախի ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը…», ակնարկ անելով, թե իշխանությունը պատրաստվում է զիջել Իշխանասար գյուղը,սակայն նշենք, որ գյուղի դպրոցի ուսուցիչներից Սեւակ Մուսաթյանը Civic.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ գյուղում հանգիստ է եւ մարտեր չեն եղել։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել էր, թե Սյունիքի մարզի ուղղությամբ թշնամին սանձազերծել է ագրեսիա եւ որոշ տեղերում փոխհրաձգություն է սկսվել։ Նաիրի Հոխիկյանը իր գրառումը արել է անհայտ աղբյուրներին հղում անելով՝ առանց որևէ փաստական հիմքի։

Mamul.am-ը, Hraparak.am-ը, Alternativ.am-ը,նախկինում սուտ մատնության համար դատապարտված Արիանա Հովսեփյանի NEWSPREESS.am-ը կրկին անհայտ աղբյուրներին հղում անելով, գրել էին, թե Սյունիքի մարզի որոշ հատվածներում մարտեր են ընթանում եւ հայկական կողմից վիրավորներ կան։

Lurer.com-ը հղում անելով տելեգրամյան Mediaport ալիքին, որը ըստ մամուլում տարածված լուրերի կապված է ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հետ, գրել էր, որ Գորիսի, Կապանի ու Մեղրիի արական սեռի բնակիչներին հրահանգվել է պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում կամավորագրվելու համար։

Հայ «հայտնիներից» երգչուհի Սոֆի Մխեյանը նույնպես հղում էր արել Mediaport-ին, ֆեյսբուքում գրելով, թե Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սահմանային հատվածներում հակառակորդը զորք է կուտակում՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։

Armday.am-ը եւ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին պատկանող 168.am-ը «ՀՐԱՏԱՊ» վերնագրով կրկին անհայտ աղբյուրներին հղում անելով՝ գրել էին, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի ուղղությամբ մարտեր են ընթանում։

BlogNews.am-ը Mamul.am-ը Hraparak.am, Zham.am-ը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ էլ գրել էին, թե Լուսակերտի զորամասից այս պահին զորք են տանում Սյունիք եւ տեղադրել ՊՆ УАЗ մեքենայի նկար, որում պարզ երևում է, որ նկարը արված է ամռանը։

Մեդիատեռորին հայհոյախառն գրառումներով միացել էին նաեւ AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը եւ BlogNews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Հիշեցենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:

Աղբյուրը՝ civic.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.