Երբ լսում ենք շաբաթ օրը Դիլիջանում համայնքապետների առջև Սերժ Սարգսյանի ելույթը, վերանում է այն բովանդակային հարթության վրա քննարկելու ցանկությունը, որովհետ երկրի ղեկավարի խոսքը կառուցված է քաղաքական վուլգարության, նույնիսկ` քրեական մտածողության հիմքով: Հայաստանի համակարգի քրեական բարքերը, մտածողությունը, մենթալիտետը, մեծ հաշվով, նորություն չեն և դրսևորվել են տասնյակ անգամներ։ Այս համատեքստում բնական հարց է առաջանում, թե ո՞վ կամ ովքե՞ր են գրում Սարգսյանի «հանճարեղ» ելույթները, ովքե՞ր են այն ռեֆերենտներն ու խորհրդականները, ովքեր Հայաստանը իջեցնում են գողապետության նշաձողի, երկրի ղեկավարին ներկայացնում են «պախանի» կարգավիճակով: Գուցե Սարգսյանը չի կարևորում խոսքի ոճը` սկզբունքային համարելով ասելիքի բովանդակությունը:
Մյուս կողմից` խոսքի կառուցվածքն էապես ազդում է դրա բովանդակության, շեշտադրումների վրա: «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ»,-շաբաթ օրն ասել է Սերժ Սարգսյանը: Ու անմիջապես առաջանում են
հարցադրումներ Սարգսյանի ներողամտության մոտիվների շուրջ, որովհետ դա դրսևորվել է չարաշահումներ անող ՀՀԿ անդամների հանդեպ: Սերժ Սարգսյանն ու իշխանությունները ներողամիտ են եղել, որովհետ այդ համայնքային թալանչիները ընտրությունների ժամանակ «տոկոս խփելով» ապահովել են իրենց հաղթանակները, ներողամիտ են եղել, որովհետև այդ մարդիկ անգամ ընտրությունները պարտվելուց հետո մանդատագողություն են արել և կրկին դարձել են իշխանության սիրելին։ Կամ նույն ելույթում Սերժ Սարգսյանն ասել է. «Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են: Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել: Միգուցե, նաև այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում և համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է»:
Անշուշտ, ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը պետք է ավելի ակտիվ մասնակցի, սա աներկբա է, սակայն միանգամայն այլ խոսակցության թեմա է: Մյուս կողմից` այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն անտեղյակ է, նրան չեն զեկուցել այն խայտառակության մասին, որը տեղի է ունեցել Վանաձորի ընտրությունների շուրջ: Այդ ընտրություններին ընդդիմությունն ոչ միայն ակտիվ մասնակցել է, այլ նույնիսկ հաղթանակ է տարել, սակայն ՀՀԿ-ն իշխանությունը պահել է քստմնելի մեթոդներով` մանդատագողությամբ, հետո` հոգևորական ծեծող կրիմինալի հետ դաշինք կազմելով: Սերժ Սարգսյանի չգիտի՞ այս փաստերը: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը միայն վերջին պահին է ծանոթանում իր ելույթներին` չհոգալով անգամ դրանց կառուցվածքի, բովանդակության մասին: Ելույթի այլ հատվածում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՏԻՄ մարմիններում կադրային քաղաքականության չափանիշներին. «Բոլորովին պարտադիր չէ,
որ ընտրված խոշորացված համայնքի համայնքապետը միանգամից որոշի, որ փոխում է բոլոր նախկին գյուղապետներին և մարդիկ է նշանակում` իբր ավելի վստահելի և ավելի արդյունավետ կառավարող: Ես կարող եմ իմ փորձից ձեզ ասել, որ սա ամենից վատ մոտեցումն է: Ես մի քանի նախարարություններ եմ փոխել, ինձ նշանակել են տարբեր նախարարություններում, և գալով նախարարություն` երբեք որևէ նախարարությունում իմ տեղակալներին կամ վարչության պետերին չեմ ասել, որ դիմում գրեք և գնացեք, որովհետև ես չեմ ուզում ձեզ հետ աշխատել: Պետք է ներկայացնել հստակ պահանջներ, չափանիշներ, և նրանք, ովքեր իրոք այդ չափանիշներին չեն համապատասխանում ասել, որ գնա այլ գործով զբաղվի: Բայց ասել, որ ես եկել եմ, իմ մարդկանց պետք է բերեմ՝ այս մոտեցումը կործանարար մոտեցում է: Հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից»:
Ավելորդ է ասել, որ հենց Սերժ Սարգսյանի քաղաքականության, ՏԻՄ համակարգը «տոկոս խփող» ինստիտուտի վերածելու հետևանքով` իշխանության այս հատվածից դուրս են մնացել պարկեշտ, իրապես մենեջերական ու գործարար ջիղ ունեցող մարդիկ: Քաղաքացիական գիտակցություն, արժանապատվություն ունեցող մարդկանց համար իսկապես անպատվաբեր է նման որակի իշխանության հետ նույնանալը, առավել ևս` կոռուպցիոն բուրգում որևէ կարգավիճակի ունենալը, որտեղ Սերժ Սարգսյանի մատնանշած «ավելին` ավելիի» դիմաց բանաձևը գործածվել է ոչ թե համայնքապետի գործնական
որակների, այլ ծառայամտության խրախուսմանը: Այսինքն` կստանաք ավելի շատ թալանելու հնարավորություն, եթե ավելի շատ ծառայեք իշխանությանը: Կամ ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի «հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից» արտահայտությունը: Սա տիպիկ կոռուպցիոն բանաձև է, որովհետև ոչ թե ստորադասները պետք է կախված լինեն վերադասի քմահաճույքներից, այլ բոլորով միասին` օրենքից ու հասարակությունից: Նման «մենթալիտետային» մտածողությամբ Հայաստանը չի կարող հավակնել եվրոպական երկրի հեռանկարին, եթե նույնիսկ մի քանի փաստաթուղթ ստորագրի ԵՄ-ի հետ: Կասկածից վեր է, որ ՏԻՄ համակարգում առաջիկայում սպասվող ֆիլտրումները ծառայեցվելու են ոչ թե դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը կամ կոռուպցիայի դեմ պայքարին, այլ իշխանության նոր համակարգի ձևավորման հրամայականին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am