Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Արմենակյանի որոշմամբ Երևանում ավտոմատ հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փորձաքննություն է նշանակվել հայտնաբերված ավտոմատի փաստով, այն է՝ նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլն։ Սպանությունից օրեր անց էլեկտրոնային
որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց «լավատեղյակ» աղբյուրներին, նշում էին, որ սպանվածը խոշոր չափի գումար է պարտք եղել սպանության կատարելու կասկածանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի 32 տան բնակիչ՝ 31-ամյա Կարեն Մինասյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ զարհուրելի այս սպանությունը Կ. Մինասյանը, ում թե թաղամասում, թե իր ընկերական շրջապատում ավելի շատ ճանաչում են «Ջոնի մականվամբ, տարիներ առաջ Հաղթանակ (հանրության կողմից ավելի շատ 4-րդ գյուղ անունը կրող) թաղամասում դեղատուն բացելու նպատակով իր զոհից, ով նաև իր ազգականն է, 25 հազար ԱՄՆ դոլար է խնդրում ու քանի որ Արշակի մոտ եղել է գումար, նա առանց երկմտելու, որպես բարի կամքի դրսևորում, համաձայնվել է գումարը տալ Ջոնիին։ Վերջինս էլ խոստացել է՝ ասելով. «Դեղատունը
սարքելուց հետո այն գրավ կդնեմ ու գումարը կվերադարձնեմ»։ Գումարը ստանալուց հետո դեղատունը կառուցել է, սակայն ամեն անգամ խոստացված գումարը վերադարձնելու պահը սարքել է «ռսի զավտռա», ինչից հետո սկսել է վատանալ ազգականների հարաբերությունները։ Արդեն գումարի վերադարձնելու գործին խառնվել են մի քանի մարդիկ, ովքեր պարզել են, որ իրականում Ջոնը իր քայլով փորձում է «քցել» Արշակին և ստիպել են գումարի մի մասը մաս-մաս վերադարձնել՝ ընդհանուր մնալով մոտ 13 հազար ԱՄՆ դոլար։ Անցել են ամիսներ, և Արշակը հանդիպում է Կ. Մինասյանին, ով ոչ տանում, ոչ բերում է՝ Արշակին հայտնում է, որ ինքը իրեն փող չունի տալու։ Արշակն էլ իր ընկերների ու մտերիմների հետ պայմանավորվում են, որ օրեր անց պետք է հանդիպեն Ջոնիին ու պարզաբանեն, թե ինչու է նա չոր արտահայտվել՝ ասելով, թե՝ «գումար չունեմ տալու»։
Սակայն «շաբաթը ուրբաթից շուտ է գալիս». Ջոնին, ով թաղամասում այնքան էլ բարի համբավ չունի, վախենալով, որ թաղամասի «լավ տղերքը կփչացնեն իրեն»՝ խոստումը չկատարելու համար, պլանավորած կատարում է իր սև գործը։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հանցագործությունը հնարավոր է եղել օպերատիվորեն բացահայտել՝ շնորհիվ տեսախցիկների արձանագրած կադրերի։ Կադրերում երևում է, թե ինչպես է ստահակը Nissan-ով գալիս, կանգնում հանցանքի վայրում, ապա ավտոմատով կրակոցներ արձակում իր զոհի ուղղությամբ և ուղղություն է վերցնում դեպի «Զվարթնոց» օդանավակայան, տոմս գնում և «չվում» Ռուսաստան։ Հանցագործությունն օժանդակելու համար կալանավորված Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակչ, 23-ամյա Դավիթ Եղոյանը նույնպես Ջոնիի բարեկամն է։
Սպանության կասկածանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող «Ջոնի» մականվամբ Կարեն Մինասյանն է
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Արմենակյանը միջնորդություն էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր
իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Դեղոյանի նկատմամբ։ Վերջինիս նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր.օր-ի 38-104 հոդվածի 1-ին մասով։ Դատավոր Ռոբերտ Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և Դ. Դեղոյանը դատարանից տեղափոխվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com