Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Պողոսյանի գործի դատական քննությունը:
36-ամյա Արսեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Արսեն Պողոսյանը հոր անունով հաշվառված «ԶԻԼ-130» մեքենայով ժամանակ առ ժամանակ մասնավոր անձանց պատվերով կատարել է բեռնափոխադրումներ:
2016 թվականի հոկտեմբերի 1-ին Արսենը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից շուրջ 6 տոննա խաղող է բեռնել մեքենան, տարել է Քանաքեռավան:
Խաղողը հանձնելուց հետո այդ գործընթացում իրեն աջակցած Սուրենի խնդրանքով ուղևորվել է դեպի Արմավիր:
Ժամը 17-ն անց 20-ի սահմաններում, երբ ընթանում էր Երևան-Արմավիր ավտոճանապարհով, հասնելով ճանապարհի 26-րդ կմ հատվածին, տեխնիկական տեսակետից Արսեն Պողոսյանը, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ մեքենան վարել է բեռնատար մեքենաների համար թույլատրելի առավելագույն՝ 70 կմ/ժ արագությունը գերազանցող՝ շուրջ 86 կմ/ժ արագությամբ, հանդիպակաց ուղեմասով դեպի Երևան ընթացող «LEXUS is 250» մակնիշի մեքենայի առկայության պայմաններում դիմացից ընթացող «Օպել»-ին անվտանգ շրջանցելու կամ կանգ առնելու փոխարեն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ստեղծել է վթարային իրավիճակ, որի արդյունքում սև գույնի «LEXUS is 250»-ը դիմացի աջակողմյան հատվածով բախվել է «ԶԻԼ»-ի հետնամասի աջակողմյան հատվածին:
Բախման հետևանքով «LEXUS»-ի ուղևորներ՝ մայր և դուստր Օֆիկ Ջ.-ն ու Տաթևիկ Ս.-ն մահացել են:
Արսեն Պողոսյանը նախաքննության ընթացքում ու դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ բնակվում է Սարդարապատ գյուղում, ունի մինչև տասը տարեկան երեք անչափահաս երեխաներ: Հոր անունով հաշվառված «ԶԻԼ»-ով անհատ անձանց պատվերներ է կատարել՝ գյուղատնտեսական բեռներ է տեղափոխել:
Դեպքի օրը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից վեց տոննա խաղող է բարձել, տարել է Քանաքեռավան: Խաղողի հանձնման ժամանակ իրեն աջակցել է Սուրեն անունով մի մարդ, ում այդ օրն է առաջին անգամ տեսել: Սուրենի խնդրանքով խաղողը հանձնելուց հետո նրան տարել է Արմավիր:
Ժամը 17-ի սահմաններում ընթացել են Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհով: Երբ հասել են ինքնաթիռների պահեստային վայրէջքի հատվածին, ինքը վազանցի է դուրս եկել՝ իր դիմացից ինչ-որ սովետական մեքենա էր ընթանում: Վազանցի ընթացքում ավելացրել է արագությունը՝ հասցնելով 75 կմ/ժամի: Երբ հավասարվել է այդ սովետական մեքենային, նկատել է, որ իր ուղեմասի վրա կտրուկ կանգ է առել «Օպել» մեքենա: Այդ պահին իր ու
«Օպելի» հեռավորությունը շուրջ 15-20 մետր էր: Ինքը կտրուկ արգելակել է, որ խուսափի բախումից: Արգելակելու հետ մեքենայի ղեկը թեքել է դեպի ձախ ու արգելակած վիճակում սահելով ու կորցնելով մեքենայի կառավարումը, բաժանարար գոտու հոծ գծերի թեքությամբ ուժգին բախման ձայն է լսել իր մեքենայի հետնամասի հատվածում:
Հարվածի պահին իր մեքենան ցնցվել է, իր կարծիքով նույնիսկ… օդ է բարձրացել: Ինքն իջել է մեքենայից, գնացել է իր մեքենայի հետնամաս, տեսել է, որ հետևից իր մեքենային է բախվել արտասահմանյան մակնիշի մի սև մեքենա: Վարորդի կողքի տեղում տեսել է մի կնոջ, ով անգիտակից վիճակում էր, իսկ մի տղամարդ գոռում էր. «Արա, էս ի՞նչ եղավ»:
Ինքն այդ վիճակից վախեցած ու ավելորդ վիճաբանություններից խուսափելու համար գնացել է դաշտ, այնտեղից ոտքով հասել է ոստիկանության Արմավիրի բաժին: Ինքը փախչելու մտադրություն չի ունեցել: Վթարի հետևանքով մարմնական վնասվածք չի ստացել:
Իր երթևեկության համար խոչընդոտ է հանդիսացել անհայտ մնացած «Օպելը», որը կտրուկ կանգ է առել իր ուղեմասում: Եթե այդ «Օպելը» չլիներ, ինքը վթարի չէր ենթարկվի…
Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե ընտանիքով ապրում է Երևանում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ին ընտանիքով հրավիրված էին իրենց հարևանի դստեր հարսանիքին:
Քանի որ փեսան Արմավիրից էր, նրա տանը փոքրիկ «ֆուրշետ» պիտի լիներ, հետո Երևանում՝ հարսանյաց սրահներից մեկում պետք է տեղի ունենար խնջույքը:
Ժամը 14-ի սահմաններում խնամիների հետ փեսայի տուն՝ Արմավիր իրենց «LEXUS»-ով մեկնել են որդին, կինը ու միջնեկ դուստրը:
Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում որդին զանգել է իրեն, հուզված ու վախեցած ձայնով ասել է, թե Արմավիրից դեպի Էջմիածին ընթանալիս վթարի են ենթարկվել: Ինքը հարցրել է՝ հո բան չի՞ պատահել: Որդին լաց լինելով ասել է. «Չգիտեմ, մամային ու Տաթևին տարել են հիվանդանոց»: Ինքը անմիջապես մեկնել է Էջմիածին, հիվանդանոցում իմացել է, որ կինն ու դուստրը մահացել են…
Որդուց իմացել է, որ ճանապարհին հանդիպակաց ուղղությամբ երթևեկող «ԶԻԼ»-ը անսպասելի փորձել է ձախ շրջադարձ կատարել այն պահին, երբ իրենց միջև հեռավորությունը ընդամենը տասը մետր կլիներ: «ԶԻԼ»-ը կանգնել է որդու երթևեկելի ուղեմասում, որդին փորձել է շրջանցել, բայց չի հասցրել կարճ տարածության պատճառով ու մեքենայի առջևի աջ հատվածով բախվել է «ԶԻԼ»-ի հետևի հատվածին:
Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է 8 միլիոն 200 հազար դրամի քաղհայցի պահանջ:
Տուժողի իրավահաջորդի որդին, ով վթարի պահին«LEXUS»-ի ղեկին է եղել, հայտնել է, որ մայրիկի ու քրոջ հետ հարսանեկան ավտոշարասյունով մեկնել են Արմավիր: Փեսայի տանից ինքը մյուսներից մի փոքր շուտ է դուրս եկել, քանի որ հարսանյաց սրահ գնալուց առաջ պետք է տուն մտներ…
Գեղակերտ գյուղի սկզբնամաս չհասած՝ հանդիպակաց ուղեմասում ինքը նկատել է մի «ԶԻԼ» ավտոմեքենա, որը հանկարծ, միանգամայն անսպասելի փորձել է ձախ շրջադարձ կատարել ու դուրս է եկել իր երթևեկելի գոտի, հայտնվել է հենց իր դիմաց ու կանգ է առել: Ինքը բախումից խուսափելու համար փորձել է շրջանցել, բայց չի հասցրել, իր մեքենայի դիմացի հատվածով բախվել է բեռնատարի հետևի մասին…
Դատարանը հաստատված է գնահատել Արսեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքը: Հաշվի է առել, որ Արսեն Պողոսյանը վատառողջ է, նրա խնամքին են երեք անչափահաս երեխաները, չաշխատող կինը…
Արսեն Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:
Դատարանը քաղհայցը բավարարել է մասնակիորեն՝ 2 միլիոն 550 հազար դրամի չափով: Ներկայացված քաղհայցը՝ մնացած մասով, դատարանը թողել է առանց քննության՝ տուժող կողմին իրավունք վերապահելով այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am