Ազատություն | Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում առաջարկել է ապամոնտաժել քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասացին քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը և Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։
Մկրտչյանը «Ազատությանը» հեռախոսով հայտնեց, որ Բալասանյանն առաջարկել է հանել արձանը՝ առանց որևէ հստակ պատճառի, ուստի ավագանին մերժել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ կատարելով Մարտունիի ժողովրդի պահանջը. «ԱԽ քարտուղարը եկել է Մարտունի, որ այդ արձանը հանենք, բայց հետը զրուցել ենք, որ պետք չի հանել, ու ասել ենք, որ չենք հանելու էլի: Եթե չկա հստակ պատճառ, չկա հստակ պայման, դրա համար չենք հանելու»: Հարցին` ե՞րբ է եկել, Մկրտչյանն ասաց` երեկ:
Արցախի Մարտունի քաղաքը 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերի հարձակումներից ամենից շատ տուժած հայկական բնակավայրերից է, և քաղաքում Նժդեհի անունը կրող փողոցի վրա տեղակայված Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին տեղեկությունները առաջին անգամ սկսեցին շրջանառվել այս փետրվարին։ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը այն ժամանակ հերքեց տեղեկությունը։
ատերազմից հետո Հայաստանի Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ Մարտունիում հանդիպելով մերժման՝ Վիտալի Բալասանյանը առաջարկել է ընդամենը մի քանի օրով ապամոնտաժել Նժդեհի արձանը և մայիսի 9-ից հետո, երբ ռուսական կողմը կնշի Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի տոնը, կարելի է վերատեղադրել արձանը. «Առաջարկել է երկրորդ տարբերակ` այլընտրանքային որպես 3 օրվա ժամկետով գոնե հանեն, որ ինքն իր խոստումն, այսպես ասած, կատարած լինի: Խոստումը հավանաբար ռուսական կողմին ուղղված, որովհետև ես արդեն իսկ մեկ շաբաթ առաջ ահազանգել էի հենց Արցախից, որ խոսք է գնում ամբողջ Արցախում, որ ցանկություն ունեն հանելու Մարտունիում Նժդեհի արձանը մինչև մայիսի 9-ը, քանի որ ռուսական կողմն այդպես է ցանկությունը հայտնել, և կարծես թե որևէ կերպ որևէ քայլեր չեն ձեռնարկվում կանխելու համար»:
Թե «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Վիտալի Բալասանյանը ինչո՞ւ է նման առաջարկ արել, «Ազատությունը» այսօր փորձեց ստանալ նաև նրա կարծիքը: Խոսեցինք Արցախի Անվտանգության խորհրդի հանրային կապերի պատասխանատուի հետ, Վիտալի Բալասանյանից արձագանք դեռ չունենք։
Փոխարենը կարող ենք մեջբերել մի հատված Բալասանյանի հայտարարությունից, որը նա արել է 44-օրյա պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 11-ին դիմելով սյունեցիներին. «Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ, րոպե առաջ ոտքի՛ կանգնեք: Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ»։
«Ինչո՞ւ Մարտունիում Նժդեհի արձանը, տարեք, Զանգեզուրում դրեք»
Սոֆիա Հովսեփյանը շարունակեց, թե խոսել է նաև Վիտալի Բալասանյանի հետ՝ փորձելով հասկանալ նրա նման առաջարկի պատճառը. «Հենց իր գրասենյակում եմ հանդիպել` այս հարցի հետ կապված: Երեկ այլևս չեմ փորձել, որովհետև ցանկություն չունեմ այլևս շփվել մի մարդու հետ, ով որ կարող է արտահայտվել` ինչո՞ւ Մարտունիում Նժդեհի արձանը, տարեք, Զանգեզուրում դրեք: Եթե այս մարդը կարող է նման բան արտաբերել»: Հարցին, թե ո՞վ է նման բան ասել, պատգամավորը պատասխանեց. «Հենց Վիտալի Բալասանյանի հետ եմ հանդիպել, բնականաբար ինքը, եթե ինքը կարող է նման բան արտաբերել և չի գիտակցում, որ Նժդեհը հայ ժողովրդինն է, հայի որդի է, և ոչ թե այստեղ տարածքային խնդրի մասին է խոսքը, ուրեմն էլ ի՞նչ խոսեմ այդ մարդու հետ»:
Նյութը ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։