Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ կա 4 վիրավոր, մեկի ոտքը կտրվել է

Մաիսի 3-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմանում Դավիթ Բեկի փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության աշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյ» տանող ճանապարհահատվածում, բախվել են «BMW» մակնիշի երկու ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ նախքան բախումը, «BMW»-ներից մեկը ավտոմեքենայի և «Toyota Corolla»-ի միջև է բախում տեղի ունեցել, և վարորդները կանգնել են և զանգահարել ԱՊՊԱ, այդ ժամանակ «BMW»-ն վրաերթի է ենթարկել, ըստ նախնական տեղեկության, հիվանդանոց տեղափոխվողներից երկուսին։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջավաղյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ա. Թևոսյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում, և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, քանի որ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է։

Ըստ աղբյուրի՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածներից մեկի ոտքը կտրվել է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.