Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր՝ մայիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 37-ամյա Վաղինակ Թադևոսյանը իր վարած «Յոթունք» մակնիշի ավտոբուսով Կասյան 1 հասցեի դիմաց՝ Բարեկամության էստակադայի սկզբնամաասում, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, որտեղից օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների 011 հերթապահ խումբը և բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստսնի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է Երևան-Աբովյան թիվ 259 երթուղին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.