Երևանում՝ բժշկական կենտրոնի պատուհանից պացիենտը նետվել է ցած

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում ապրիլի լույս 30-ի գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել. 77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից:

 

Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում: Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները, ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտները, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ:

Նման դեպք գրանցվել էր նաև ապրիլի 7-ին. 72-ամյա պացիենտներից մեկը կրկին գիշերը հիվանդասենյակի պատուհանից նետվել էր ցած։ Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել էր բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո նա չէր փոխել իր կարծիքը և հրաժարվել էր բուժումից: Լուսադեմին գտել էին նրա դին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.