Ղրղզստան-Տաջիկստան սահմանային կոնֆլիկտն ավարտվեց հրադադարով․ կա 13 զոհ, 121 վիրավոր

Ղրղզստան-Տաջիկստան սահմանային հակամարտության հետևանքով Ղրղզստանը 13 զոհ ունի։ Այս մասին հայտնում է 24.kg պարբերականը՝ հղում անելով երկրի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերով նախարարությանը։ Վերջին տվյալներով՝ կա 121 վիրավոր։ Նրանցից 25-ին ավիատրանսպորտով Բատկենից տեղափոխել են Բիշքեկի բուժհաստատություններ։

Ապրիլի 29-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինվորականների միջև զինված ընդհարում է տեղի ունեցել։ Դրան նախորդել է կոնֆլիկտը, որը տեղի է ունեցել տեղի բնակիչների միջև ջրաբաշխիչ կետի շրջանում, որի պատկանելիությունը կողմերը վիճարկում են։

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը կոնֆլիկտի հրահրման մեջ մեղադրում է Տաջիկստանին։ Իսկ դատախազությունում կարծում են, որ Տաջիկստանի գործողությունները վկայում են Ղրղզստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ ծրագրված սադրանքի և ագրեսիայի մասին։

Հինգշաբթի ավելի ուշ Ղրղզստանն ու Տաջիկստանը կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել հրադադարի վերաբերյալ։ Կողմերը պարտավորվել են ուժերը վերադարձնել նախկին տեղակայման վայրեր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.