Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի զարմիկի՝ Հայկ Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Բենիկ Գալստյանը՝ նշելով, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։
Հիշեցնենք, որ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Ըստ նախաքննական մարմնի՝ Հեքիմյանն ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ ոստիկանության ծառայողին հարվածել է։