Խոշոր ավտովթար Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել.

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ժամը 16։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ-ին դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարում նույն դասակի ավագ տեսուչ Արթուր Հովհաննիսյանն ու տեսուչ Նարեկ Եսայանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.