ՌԴ–ից ՀՀ է տեղափոխվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Հունաստանցի Կարենի» սպանության մեջ կասկածվող Վանո Թումանյանը

Ապրիլի 26-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ և հավաստի տեղեկություններով՝ Հայաստան է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Վանո Թումանյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020 թվականի փետրվարից, ով կասկածվում է 2019 թվականի փետրվարի 24-ին հրազենի գործադրմամբ Կոտայքի մարզում՝ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարենի» սպանությունը կատարելու մեջ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ նրա թաքնվելու վայրը պարզելու համար հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, ի վերջո բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Թումանյանն ինքնակամ ներկայացել է ՌԴ-ում տեղի իրավապահներին։

Ապրիլի 26-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Վ. Թումանյանը տեղափոխվել է Հայաստան:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ դատարանի որոշմամբ երկամսյա կալանք էր կիրառվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վիլյամ Դանիելյանի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Չապուխյանի նկատմամբ։ Վերջիններիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Վ. Դանիելյանն ու Գ. Չապուխյանը կասկածվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Կայքի տեղեկություններով՝ 2010 թվականին Հունաստանում Կ. Խնուսյանը սպանել էր Վ. Դանիելյանի եղբորը՝ Արկադի Դանիելյանին, իսկ Գ. Չապուխյանն էլ Վ. Դանիելյանի սանիկն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.