Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնել էր, որ հիվանդանոց մեկնելու ճանապարհին Խաչաղբյուր գյուղի 5-ամյա երեխա է մահացել։
ArmDaily.am-ի հետ զրույցում Խաչաղբյուրի համայնքապետ Սերգո Գալստյանն ասաց, որ մահացած երեխան ի ծնե առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։ «Երեխան հիվանդ էր, թերհաս էր, թեև 5 տարեկան էր, սակայն ոչ խոսում էր, ոչ էլ քայլում։ Շատ մանրամասներ չեմ կարող ասել, շատ բանից էլ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ ընտանիքում էլի մի երեխա կա, նա էլ է հիվանդ։ Ծնողները խեղճ մարդիկ են, բայց երբեք օգնության համար չեն դիմել։ Իրենց ուժերով ինչ կարողացել՝ արել են։ Էդպիսի երեխաներից սովորաբար ծնվելուց հետո ծնողները հրաժարվում են, բայց էս մարդիկ իրենց երեխաներից չեն հրաժարվել, բերել, պահում էին, նորմալ մարդիկ են, ուզում եմ ասել»։
Համայնքապետն ասաց, որ երեխայի ինքնազգացողությունը գիշերն է վատացել։ «Դեռ հիվանդանոցում են, կարծեմ թե դեռ գյուղ չեն էլ եկել»։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ, հիվանդանոց տեղափոխելիս Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, հանկարծամահ է եղել։