Կորոնավիրուսի հետեւանքով հղի է մահացել․ բժշկուհի մայրը հաստատում է ցավալի լուրը

Կորոնավիրուսի հետեւանքով հղի է մահացել։ Նա Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի գինեկոլոգ Նարինե Շատվերյանի դուստրն է։ Ցավալի լուրը ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է Շատվերյանը։

«Կովիդի պատճառով անժամանակ ավագ աղջկաս եմ կորցրել՝ Անահիտիս։ ․․․ Ընդամենը երկու ամիս անց բարի լուրի էինք սպասում։ Անահիտս իր երկրորդ բալիկին էր սպասում, որ ցավոք ծնվել չհասցրեց»,- մասնավորապես գրել է նա։

Կորոնավիրուսային հիվանդությունը երբեմն անհաղթահարելի է դառնում նաեւ հղիների համար: Վերապրոֆիլավորված բուժհաստատությունները թեպետ հստակ թվեր չեն նշում, բայց նշում են, որ հղիների մոտ հիվանդության բարդացումներ լինում են, երբեմն՝ անհաղթահարելի:

Օրեր առաջ էլ առողջապահության նախարարությունը երեխայի սպասող կանանց հորդորել էր զգոն լինել: Տարածված հաղորդագրության մեջ նշվում էր. «Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ և բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին»:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.